ԵՄ-ն 2025 թվականին ԱՄՆ-ից 200 միլիարդ դոլարի էներգառեսուրսներ է գնել
2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը 2025 թվականին ԱՄՆ-ից արդեն գնել է 200 միլիարդ դոլարի էներգառեսուրսներ, ԱՄՆ-ից ԵՄ ներմուծված հեղուկացված բնական գազի բաժինը 45%-ից աճել է մինչև 60%: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը՝ ամփոփելով Բրյուսելում ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիքի հետ հանդիպումը։
«ԵՄ-ն ոչ միայն հանձնառու է իր պարտավորություններին, այլև գործնականում կատարում է դրանք։ Այսպես, ԵՄ-ի կողմից էներգառեսուրսների ռազմավարական գնումները (ԱՄՆ-ից), ինչպիսիք են հեղուկացված բնական գազը, միջուկային վառելիքն ու նավթը, այս տարի արդեն հասել են 200 միլիարդ դոլարի։ ԱՄՆ-ի բաժինը հեղուկացված բնական գազի՝ ԵՄ ներմուծման մեջ 45%-ից աճել է մինչև 60%՝ շնորհիվ երկարաժամկետ պայմանագրերի», - ասել է նա։
Հուլիսի 27-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային համաձայնագիր են կնքել, ըստ որի ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքներն այժմ կենթարկվեն 15%-ի չափով մաքսատուրքերի: Բացի այդ, Եվրամիությունը պարտավորվել է մինչև 2028 թվականը Միացյալ Նահանգներից գնել 750 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ, միջուկային վառելիք և զենք, ինչպես նաև առնվազն 40 միլիարդ դոլարի ամերիկյան չիպեր՝ իր հաշվողական կենտրոնների համար: ԵՄ-ն նաև պլանավորում է զգալիորեն ավելացնել ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումներն ԱՄՆ-ից: