Նոր գիրք

Նոր գիրք»-36/25. Միքայելյան, Ուելս, Քոլինզ

3 րոպեի ընթերցում

Նոր գիրք»-36/25. Միքայելյան, Ուելս, Քոլինզ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ. Նուշիկ Միքայելյան, «Ձևի անկումը»

Գրքում ներառված են պատմվածքներ, խոհափիլիսոփայական էսսեներ և արձակ բանաստեղծություններ, որոնց առանցքում մարդն է: Նուշիկ Միքայելյանի արձակը բարձրացնում է հարցեր և որոնում պատասխաններ մարդկային կյանքի, ժամանակի և հավերժության, նյութի և հոգու, մահվան և անմահության վերաբերյալ:

Գիրքն ամբողջությամբ ուղղված է մարդու հոգու չբացահայտված շերտերի բացահայտմանը։ Հեղինակն օգնում է ընթերցողին գնալ դեպի ինքնաճանաչում, կյանքի իմաստի յուրովի ընկալում, ինչպես նաև մահվան և անմահության գաղափարների վերծանում։

Գրքում արտացոլվում է մեր ժամանակի փոփոխությունների ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա։ Նուշիկ Միքայելյանը ոչ միայն բարձրացնում է հարցեր, այլ ընթերցողին տալիս է մտածելու ուղի, երբեմն՝ լուծումներ և պատասխաններ։ Նրա արձակը անմիջական է, սուր, անկեղծ և հուզական․ այն խոսում է հենց այնպիսի լեզվով, որը հասնում է մարդու սրտին։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Թարգմանական գրականություն. Հերբերտ Ուելս, «Ժամանակի մեքենան»

Հերբերտ Ուելսի ամենահայտնի վեպը՝ առաջին գրական ճանապարհորդությունը ժամանակի մեջ, ապագայի տեսլական է՝ ներկայացված 19-րդ դարի քաղաքակիրթ եվրոպացու հայացքով, որը կանխատսում է 20-րդ դարի բարբարոսական միտումները։ Վեպում առաջին անգամ  ներկայացված են բազմաթիվ գաղափարներ, որոնք վերաբերում են ժամանակի մեջ ճանապարհորդություններին և որոնք դեռ երկար ժամանակ չեն կորցնի իրենց գրավչությունը ընթերցողների և նոր ստեղծագործությունների հեղինակների համար։ Անգլերենից թարգմանությունը Քրիստինե Չիլինգարյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Ջիմ Քոլինզ, «Լավից դեպի լավագույնը»

Մեծության բանալիները գտնելու համար Քոլինզի 21 հոգանոց հետազոտական ​​​​խումբը հինգ տարվա նախագծում կարդացել և կոդավորել է 6000 հոդված, ստեղծել ավելի քան 2000 էջ հարցազրույցի սղագրություններ և ստեղծել 384 մեգաբայթ համակարգչային տվյալներ: Արդյունքները կզարմացնեն շատ ընթերցողների և, անկեղծ ասած, կվրդովեցնեն ուրիշներին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում