Քաղաքականություն

Մոլդովայում փորձված հիբրիդային հարձակումները կիրառվում են նաև Հայաստանում․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Հայաքվե» նախաձեռնության կողմից իրականացվող գործողություններին, որոնց շրջանակներում որոշ քաղաքներում կենսաթոշակների 50 տոկոս բարձրացում պահանջող մեծ պաստառներ են փակցվում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում նշել է, որ դա հիբրիդային պատերազմի փորձված մեթոդ է, որը վերջերս կիրառվել է նաև Մոլդովայում՝ ընտրություններին ընդառաջ։ 

«Վերջերս համացանցում տեսնում եմ, որ որոշ քաղաքներում մեծ պաստառներ են փակցված, որոնց վրա գրված է՝ «Պահանջում ենք կենսաթոշակների 50 տոկոս բարձրացում»՝ «Հայաքվե» կոչվող նախաձեռնության կողմից՝ իրենց երկու ներկայացուցիչների նկարներով։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սա հիբրիդային հարձակումների փորձված մեթոդ է, հատկապես ընտրություններից առաջ։ Նույն բանը հայտնի շրջանակների կողմից վերջերս կիրառվել է նաև Մոլդովայում նրանց ընտրություններից առաջ»,- նշել է Թորոսյանը։ 

Նա հավելել է, որ կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելը ՀՀ պետական բյուջեի վրա մոտավորապես կարող է նստել 100 միլիարդ դրամ, որն ավելցուկով, իհարկե, բյուջեում չկա, որովհետև բոլոր ծախսերը բաշխված են։ 

Արսեն Թորոսյանը նշել է, որ սոցիալական ոլորտի ծախսերը 2026 թվականի պետական բյուջեով մոտավորապես 1 տրիլիոն դրամ են, բաշխված են նաև առողջապահական, կրթական, պաշտպանական, ճանապարհաշինական, դպրոցաշինական և այլ ծրագրերի համար նախատեսված ծախսերը։ 

«Այսինքն՝ ամբողջ պետական գյուջեն բաշխված է, և ավել 100 միլիարդ դրամ, իհարկե, այս պահին չկա։ Բայց մենք մեր ռեսուրսների շրջանակներում հունվարի 1-ից բարձրացնելու ենք կենսաթոշկները և բոլոր նպաստները՝ հետվճարի համակարգով՝ այն դարձնելով 20 տոկոս և ոչ ավել, քան 10 հազար դրամը։ Եվ դա շարունակական պրոցես է լինելու։ Կոչ եմ անում չտրվել այս հիբրիդային հարձակումներին՝ ֆեյք տեղեկություններով,  ֆեյք ուժերի կողմից և լինել աչալուրջ, որովհետև մենք ձեզ հետ շատ թափանցիկ ենք, ձեզանից որևէ բան չենք թաքցնում և անիրատեսական խոստումներ էլ չենք տալիս, տալիս ենք իրատեսական խոստումներ, որոնք կատարում ենք»,- ասել է Թորոսյանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում