Տնտեսություն

Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կամրապնդի առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում. Վլադիմիր Կարապետյան

2 րոպեի ընթերցում

Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կամրապնդի առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում. Վլադիմիր Կարապետյան

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում անցկացվել է «Եվրասիական տնտեսական միության դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջոցառումը, որին ԵԱՏՄ–ի կողմից ներկա էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը: 

Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրզստանի մշտական ներկայացուցիչները, Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում խոսել է ագրոարդյունաբերական շուկայի կարգավորման և թվային գործիքների ներդրման ուղղությամբ ԵԱՏՄ անդամ երկրների գրանցած առաջընթացի, գյուղատնտեսության ոլորտում թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառման մասին: 

Ներկայացնելով ՀՀ վարչապետի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մշտական ներկայացուցիչը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան աներկբայորեն կամրապնդի արտահանումը և առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում:

Այնուհետև անդրադարձել է հաջորդ տարի Հայաստանում Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացմանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրները բարձր մակարդակով ներկայացված կլինեն, իսկ ՊԳԿ-ն ակտիվ ներգրավվածություն կունենա միջոցառմանը: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը հանգամանալից ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված արդյունքները և ԵԱՏՄ դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում