Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն օրինակելի են. նախագահ Խաչատուրյանն ամփոփել է Թբիլիսի կատարած այցը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի բնորոշմամբ՝ Երևանի ու Թբիլիսիի միջև հարաբերություններն օրինակելի են այն առումով, թե ինչպես կարելի է ապրել կողք կողքի և խնդիր չդառնալ միմյանց համար։ 

Հայաստանի նախագահի դիտարկմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը վստահելի գործընկերներ են, և այդ վստահությունն առկա է ինչպես պետական, այնպես էլ անձնական շփումների մակարդակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լրագրողներին տված հարցազրույցում՝ ամփոփելով Վրաստան կատարած այցն ու Թբիլիսիում իր հանդիպումները վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։  

Խաչատուրյանի խոսքով՝ Վրաստանի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներն ու քննարկումներն անցել են բարեկամական, ընկերական միջավայրում, խոսակցությունները եղել են անկաշկանդ և վերաբերել են կողմերին հետաքրքրող բոլոր թեմաներին։  

«Ես փորձել եմ նրանց ներկայացնել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ նոր իրավիճակը։ Այդ թեման բոլորին էլ հետաքրքրում է, թե հետագայում ինչ է սպասվում,  հատկապես TRIPP նախագծի, սահմանների բացման և այլ հարցերի վերաբերյալ»,-նշել է նախագահը։    

Վերջինիս բնորոշմամբ՝ քննարկումներ են եղել նաև Վրաստանում տիրող ներքաղաքական իրադրության շուրջ, ինչն էլ իր հերթին հետաքրքրում է Հայաստանին։ Խաչատուրյանի խոսքով՝ քննարկումներ են տեղի ունեցել նաև արտաքին խնդիրների ու բարդությունների շուրջ, որոնց բախվում է Վրաստանը։ 

«Քննարկել ենք նաև ապագայում մեր անելիքները, մեր ծրագրերը։ Մենք այն երկրներն ենք, որոնք իրականում հակասություններ ընդհանրապես չունեն, և եթե ժամանակ առ ժամանակ պատմության մեջ եղել են ինչ-որ բաներ, դրանք շատ հեշտ հարթվել են։ Իմ բնորոշմամբ՝ սա եզակի դեպքերից է, երբ հարևան երկրները երբևիցե իրար հետ մեծ խնդիրներ չեն ունեցել։ Դա շատ քիչ է լինում, քանի որ միշտ հարևաններն են խնդիրներ ունենում։ Սա օրինակ է, թե ինչպես կարելի է ապրել կողք կողքի և խնդիր չդառնալ մեկը մյուսի համար, այլ ընդհակառակը՝ մեկը մյուսին լրացրելնելով և օգնելով՝ շարժվել առաջ»,-ընդգծել է նախագահ Խաչատուրյանը։  

ՀՀ նախագահը նաև հավելել է, որ հիմա Հայաստանն ու Վրաստանն ավելի շատ հենց տնտեսական համագործակցության մասին են խոսում, որովհետև միշտ քննարկում է այն թեման, թե ինչու երկկողմ ներդրումներ չկան։  

«Հիմա, կարծում եմ, նոր միջավայր է ստեղծվում Հայաստանում, նույնը կարելի է ասել Վրաստանի մասին, և այդ նոր միջավայրում մենք անելիքներ ունենք։ Խոսքը բարձր տեխնոլոգիաները, էներգետիկ հնարավորությունները փոխադարձաբար օգտագործելու, սահմանների կառավարումը համատեղ իրականացնելու և այլնի մասին է»,-ասել է ՀՀ նախագահը՝ շեշտելով, որ վրացի գործընկերների հետ հանդիպումներում քննարկվել են հենց նմանատիպ հարցեր։  

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ թե Վրաստանի, թե որևէ այլ երկրի հետ հարաբերություններում ամենակարևորը վստահության խնդիրն է. եթե կա վստահություն պետական մակարդակով, ինչպես նաև անձնական հարաբերություններում, դա շատ դրական և կարևոր է։   

Նախագահը նաև կարևորել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների անձնական հարաբերությունները, ինչպես նաև հայ և վրացի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու մշտական շփումները ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։ 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում էր նոյեմբերի 19-ից 20-ը։ Նա Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ 

Հայերեն English فارسی Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն