Աշխարհ

Կամբոջան հերքել է Թաիլանդի մեղադրանքները երկու երկրների սահմանին նոր ականների տեղադրման մասին

3 րոպեի ընթերցում

Կամբոջան հերքել է Թաիլանդի մեղադրանքները երկու երկրների սահմանին նոր ականների տեղադրման մասին

Կամբոջան հերքել է Թաիլանդի մեղադրանքները երկու երկրների սահմանին նոր ականների տեղադրման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է կամբոջական Khmer Times պարբերականը՝ հղում անելով երկրի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությանը։

Կամբոջայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնական հայտարարությամբ կտրականապես մերժել է այս մեղադրանքները։ Գերատեսչությունում  նշել են, որ տարածաշրջանում նախկինի նման սփռված են չպայթած զինամթերքներ 1970-ական և 1980-ական թվականների ժամանակաշրջանի Կամբոջայի քաղաքացիական հակամարտություններից հետո, և որ շատ ականապատ դաշտեր դեռևս չեն ականազերծվել կտրտված տեղանքի և չլուծված սահմանազատման խնդիրների պատճառով։ 

«Կամբոջան երբեք չի օգտագործել նոր ականներ և երբեք  չի անի դա», - հայտարարել են Արտաքին գործերի նախարարությունում՝ ընդգծելով երկրի հանձնառությունը՝ խստորեն պահպանելու Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիան։

Կամբոջայի կառավարությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով խաղաղության համատեղ հռչակագրի գործողությունը կասեցնելու Թաիլանդի որոշումը։ 

Թաիլանդական կողմը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ իր զինծառայողները Սիսակետի նահանգի՝ Կամբոջային սահմանակից շրջանում պարեկության ժամանակ վիրավորվել են նոր ականապատված դաշտում ականի պայթյունից, որը, ենթադրաբար, տեղադրել են կամբոջացի զինվորականները՝ խախտելով համատեղ հռչակագիրը։ Այս միջադեպից հետո Թաիլանդի վարչապետը հրաման է տվել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված խաղաղության հռչակագրի գործողությունը։ 

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում