Քաղաքականություն

Վարչապետի մամուլի քարտուղարը Սերժ Սարգսյանի հայտարարությունները գնահատել է որպես հիբրիդային պատերազմի դասական սցենար

2 րոպեի ընթերցում

Վարչապետի մամուլի քարտուղարը Սերժ Սարգսյանի հայտարարությունները գնահատել է որպես հիբրիդային պատերազմի դասական սցենար

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին։

Բաղդասարյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվել է հիբրիդային պատերազմի դասական սցենար՝ համակարգված և բազմաբևեռ տեղեկատվական գրոհի միջոցով։

«Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։ Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, անխուսափելիորեն առաջանում են բազմաթիվ հարցեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է վարչապետի մամուլի քարտուղարը։

Բաղդասարյանը նշել է, որ Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն։

«Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների, և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ։ Այո՛, երկու ու կես տարում անհնար էր լրացնել երեք տասնամյակների բացը։ Բայց ռեֆլեքսիայի փոխարեն Սարգսյանը կրկին փորձ է անում պետության և բանակի վերաբերյալ ճառել ու սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա»,-գրել է նա։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ նման հրապարակային հայտարարությունները կարող են լինել կամ ոչ հեռատեսության արդյունք, կամ օտար օրակարգի սպասարկում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում