Քաղաքականություն

Վաշինգտոնի պայմանավորվածությունները դրական են ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար. Աբդուլազիզ Ալշեհիի

5 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի պայմանավորվածությունները դրական են ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար. Աբդուլազիզ Ալշեհիի

Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։ 

Օրբելի կենտրոնի կողմից կազմակերպված երկօրյա համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Աբու Դաբիի TRENDS Research and Advisory գիտահետազոտական ​​​​կենտրոնի ավագ գիտաշխատող, հետազոտական բաժնի ղեկավարի տեղակալ  Աբդուլազիզ Ալշեհիին։   

«Նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը մենք համարում ենք առաջընթաց քայլ։ Դա դրական քայլ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կա բացված ներուժ, որը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը շարժվեն դեպի խաղաղություն։ Մենք հասկանում ենք, որ Հարավային Կովկասը պատերազմների մեջ է եղել բազմաթիվ ժամանակահատվածներում՝ 1988 թվականից, 2020 թվականին, 2023 թվականին, Հարավային Կովկասը ականատես է եղել բազմաթիվ դժվարությունների, որոնք կարող են դանդաղեցնել ցանկացած տարածաշրջանի զարգացում։ ԱՄԷ-ն առաջին իսկ օրվանից եղել է այս խաղաղության կողմնակից, և մենք անհամբեր սպասում ենք դրա վերջնական հաստատմանը, որովհետև միակ ճանապարհը, որով տարածաշրջանը կարող է միասին կանգնել որպես ամբողջականություն, խաղաղությունն ու ամբողջական տնտեսական գոտի դառնալն է։ Հիմա մենք տեսնում ենք, որ իրավիճակն, անկասկած, ավելի լավ է, քան վերջին երեք տարիների ընթացքում։ Սա անհրաժեշտ քայլ է քաղաքական կայունության ու տնտեսական կայունության համար»,-նկատել է արաբ փորձագետը։  

Ալշեհիին, խոսելով նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կարևորության և այդ համատեքստում Հայաստանի տարածքում ստեղծվելիք TRIPP (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծի, ինչպես նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ նկատել է, որ հաղորդակցային այդ ուղիները մեծ նշանակություն ունեն ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանի, այլև տարածաշրջանից դուրս գտնվող  երկրների համար։  

«Անկասկած, սահմանի բացումն անհրաժեշտ քայլ է խաղաղության գործընթացում։ Դա ցույց է տալիս հավատ, վստահություն, ցույց է տալիս, որ բոլոր կողմերը համաձայնության են եկել։ Ինչ վերաբերում է հաղորդակցային ուղիներին, ապա դրանք կստեղծեն փոխշահավետ իրավիճակ՝ համաձայնեցված կանոնների համաձայն։ Դա կարևոր է ոչ միայն Պարսից ծոցի երկրների համար, այլև կարևոր է նաև Հեռավոր Արևելքից, Կենտրոնական Ասիայից դեպի Հարավային Կովկաս, այնուհետև Հարավային Կովկասից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք ուղղությունների համար»,-ընդգծել է փորձագետը։ 

Նրա գնահատմամբ՝ Հարավային Կովկասն ունի տնտեսական գոտի դառնալու ներուժ, ինչը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը համաձայնության գան խաղաղության շուրջ՝ բացելով իրենց սահմանները։

Անդրադառնալով հարցին, թե Հարավային Կովկասի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումն ի՞նչ կարող է տալ, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Աբդուլազիզ Ալշեհիին շեշտել է, որ իր երկիրը միշտ էլ ունեցել է գործընկերների դիվերսիֆիկացման, բարեկամություններ հաստատելու, ներդրումներ կատարելու քաղաքականություն այնտեղ, որտեղ հնարավոր է։  

«Ներկայում  ԱՄԷ-ն Հարավային Կովկասը դիտարկում է ոչ միայն որպես բարեկամական տարածաշրջան, այլև որպես տարածաշրջան, որտեղ կարող են ստեղծվել փոխշահավետ իրավիճակներ։ ԱՄԷ-ի համար կարևոր է առաջին հերթին այդ տրանսպորտային ուղիների անխափան աշխատանքը։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ ԱՄԷ-ն, ներդրում չի կատարի, եթե դրանից հետագայում շահույթ չունենա։ Այստեղ կա ներուժ, տնտեսական շահ, բայց որպեսզի ներդրումներ լինեն, պետք է խաղաղություն լինի»,-ընդգծել է փորձագետը։    

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում