Հայաստան

Հայաստանը շարունակելու է ռազմական տեխնիկայի գնումները. Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակելու է ռազմական տեխնիկայի գնումները. Պապիկյան

Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով 2026-ին պաշտպանական ոլորտի ծախսերի կրճատման վերաբերյալ հարցին:

Պապիկյանն ասել է, որ պաշտպանության ոլորտի 2026 թվականի բյուջեն՝ նախորդ տարիների բյուջեների համեմատ, արտառոց տարբերություններ չունի։ Նախարարը հստակեցրել է, որ նկատելի տարբերություն կա 2025 թվականի բյուջեի նկատմամբ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարի կտրուկ բարձրացվել են պաշտպանության նախարարության ծախսերը, որոնք առաջ բերված ծախսեր են։ 

«Եթե 2026-ը համեմատենք 2024-ի հետ, բնական զարգացման տեմպ է»,-ասաց Պապիկյանը: 

Նա ընդգծեց, որ դրանում արտառոց որևէ բան չկա։ 

«Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ: Բնականաբար, դա պետք է ունենա իր հետևանքները»,-ասաց նախարարը:

2018 թվականին Հայաստանի պետական բյուջեի՝ պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 245,173 մլրդ դրամ, 2019-ին՝ 307,983 մլրդ դրամ, 2020-ին՝ 308,862 մլրդ դրամ, 2021-ին՝ 313,123 մլրդ դրամ, 2022-ին՝ 346,779 մլրդ դրամ, 2023-ին՝ 519,523 մլրդ դրամ, 2024-ին՝ 556,193 մլրդ դրամ, 2025-ին՝ 667,052 մլրդ դրամ, 2026 թվականի համար ծախսը նախատեսված է 567,513 մլրդ դրամ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում