Հաղարծինի մոտ ավտոբուսի վթարից տուժածների թվում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ են
2 րոպեի ընթերցում

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է համալսարանի Ֆեյսբուքի էջում։
«Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։
Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն», - ասվում է համալսարանի Ֆեյսբուքի էջում։
Ավելի ուշ համալսարանից հայտնել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված բոլոր ուսանողներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։
Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհրաժեշտության դեպքում շարունակվելու է բժշկական վերահսկողությունը։