Վրաստան

Վրաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանում կպահանջեն արգելել Սաակաշվիլու կուսակցության գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանում կպահանջեն արգելել Սաակաշվիլու կուսակցության գործունեությունը

«Վրացական երազանք - Ժողովրդավարական ​​Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանական ընթացակարգերն ավարտելուց հետո հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության և ևս երկու միավորումների գործունեությունն արգելելու մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում Պապուաշվիլին հայտնել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված հայցում ներառված են երեք ընդդիմադիր կուսակցություններ՝ Սաակաշվիլու հիմնած «Միացյալ ազգային շարժումը», «Հանուն փոփոխությունների կոալիցիան» և բանկիր Մամուկա Խազարաձեի «Ուժեղ Վրաստան - Լելո» կուսակցությունը։  

Ինչպես պարզաբանել է Պապուաշվիլին, կառավարող կուսակցությունը չի պահանջի արգելել առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների գործունեությունը։ 

Վրաստանի խորհրդարանում փետրվարից օգոստոս աշխատել է  Սաակաշվիլու կառավարման շրջանում՝ 2003-2012 թթ. կատարված հանցագործությունների, ինչպես նաև հետագա տարիներին արդեն նախկին պաշտոնյաների մասնակցությամբ առանձին միջադեպերի հետաքննության ժամանակավոր հանձնաժողովը: Նիստերում հանձնաժողովի անդամները լսել են այդ տարիների իրադարձությունների վկաների՝ քաղաքական գործիչների, զինծառայողների, շարքային քաղաքացիների ցուցմունքները:

Գլխավոր թեմաների թվում, որոնք հետաքննել է հանձնաժողովը, եղել են 2008 թվականի օգոստոսի ռազմական հակամարտությունը, գործարարների նկատմամբ ճնշման դեպքերը, դաժան վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ: Որոշ կուսակցությունների արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված հայցը, ինչպես հայտարարել է կառավարող կուսակցությունը, հիմնված կլինի հանձնաժողովի եզրակացությունների վրա: 

Վրաստանի խորհրդարանը նաև ավելի վաղ ընդունել է օրենք, որը ցմահ արգելում է այն անձանց քաղաքական գործունեությունը, որոնց կուսակցությունները դատարանի կողմից ճանաչվել են անօրինական:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում