Բիզնեսը փորձում է սպառողների բողոքների 90 տոկոսը լուծել առանց վարույթի․ Գեղամ Գևորգյան
1 րոպեի ընթերցում

Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում ներկայացրեց սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունքները։
«Անցյալ տարվանից հանձնաժողովը սկսել է սպառողների ոլորտի պաշտպանությունն իրականացնել՝ առանց լրացուցիչ ռեսուրսների, ներսում վերատեղաբաշխումների շնորհիվ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ հարթակը գործում է արդյունավետ, և արդեն մեծ թվով սպառողների իրավունքներ են վերականգնվել։ Մեր ցանկությունն է, որ ավելի շատ մարդիկ դիմեն՝ իրենց խնդիրները ներկայացնելու համար։ Սա միաժամանակ խոսում է երկու բանի մասին՝ իրազեկվածության որոշակի պակասի և համակարգի հանդեպ վստահության աստիճանական ձևավորման մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ դրական միտում է նկատվում նաև բիզնեսի վարքագծում։
«Բիզնեսը փորձում է բողոքների 90 տոկոսը լուծել առանց վարույթի։ Երբ տեսնում են, որ սպառողի բողոքը հասցեական է և հիմնավորված, հաճախ արձագանքում են դրական դիրքորոշմամբ, ինչի արդյունքում խնդիրը լուծվում է առանց վարչական վարույթի անհրաժեշտության»,- եզրափակեց Գևորգյանը։