ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար այս տարի իրականացվել է զբաղվածության ապահովման 670 ծրագիր
5 րոպեի ընթերցում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակներում 2024-2025 թվականների ընթացքում իրականացվել է 2469 ծրագիր։ Դրանցից 1799-ն իրականացվել է 2024 թվականին, 670-ն՝ այս տարվա ընթացքում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2025 թվականին ընդհանուր առմամբ պլանավորվում է իրականացնել 1000 ծրագիր։
Բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչից:
Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթաց, որի ընթացքում վերջինիս վճարվում է ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսուցման վարձի փոխհատուցման համար, բացի այդ տրվում է ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի ու շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր. այս դեպքում գործատուին պետք է տրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամ, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։
«Գործատուն անպայման պետք է ունենա թափուր հաստիք և դա տրամադրի միասնական սոցիալական ծառայությանը, իսկ մենք կտրամադրենք մարդկանց ցուցակ, որոնք կհամապատասխանեն գործատուի պահանջներին: Գործատուն նրանցից կընտրի որևիցե մեկին, որի հետ կցանկանա լինել աշխատանքային հարաբերությունների մեջ»,- մանրամասնեց Ժորա Սարգսյանը:
Երկրորդ բաղադրիչի շրջանակում գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր: Առաջին եռամսյակում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին երեք ամիս ժամկետով տրվում է ամսական 165,000 դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
«Ցանկացած ծրագրի համար մենք կազմում ենք շահառուների քանակ, որպեսզի կարողանանք տեսնել, թե մեր ծրագրի համար ինչքան գումար է անհրաժեշտ, հետևաբար ծրագրից օգտվողների քանակը չի կարող լինել անսահմանափակ»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:
Երրորդ բաղադրիչի շրջանակում մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթաց, որի ընթացքում վերջինիս վճարվում է առավելագույնը 50,000 դրամ՝ ուսուցման վարձի փոխհատուցման համար և ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև կնքվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար՝ ամսական 165,000 դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
«Հիմնականում շահառուները դիմում են այն ոլորտների համար, որտեղ շատ բարձր որակավորում չի պահանջվում: Այսինքն՝ այն դեպքերում, երբ հնարավոր է շատ կարճ դասընթացներով կամ գործատուի մոտ պրակտիկայով անցնել աշխատանքի: Ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են՝ վաճառող, դիմահարդար, մատնահարդար, հրուշակագործ, հացթուխ, հաշվապահ, հաշվետար, վարորդ, առաքիչ, գանձապահ, դերձակ, բանվոր և այլն: Ծրագրից օգտվողների հետաքրքրվածությունը անցյալ տարի բավականին բարձր էր, դրա համար մենք ավելացրեցինք շահառուների թիվը։ Այս տարի ծրագրից օգտվողների քանակը գնահատում ենք բավարար»,- եզրափակեց ՀՀ ԱՍՀ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:
Լուսինե Ջալալյան