Տարվա սկզբից կառուցվել և նորոգվել է 400 կմ ճանապարհ. գործադիրն այս ուղղությամբ ևս 2.9 մլրդ դրամ հատկացրեց
1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 2.9 մլրդ դրամ հատկացրեց Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհների միջին նորոգման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի հոկտեմբերի 23-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ճանապարհների ընդհանուր երկարությունը 58 կմ է:
«Դրանց մի մասն արդեն ավարտված են, մի մասում մնացել են գծանշման աշխատանքներ: 2025 թվականի ընթացքում 400 կմ ճանապարհ արդեն նորոգել, կառուցել և ավարտել ենք»,-ասաց Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք մինչև տարվա ավարտը հնարավոր կլինի նորոգել ընդհանուր 500 կմ ճանապարհ: Նախարարը նշեց՝ այդ ցուցանիշին նախատեսում են հասնել ավելի շուտ:
«Պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները, մոտ 100 կմ է մնացել, որից մոտ 40 կմ ներքին շերտերն ամբողջությամբ պատրաստ են,դեկտեմբերին ասֆալտ չենք անի»,-նշեց Դավիթ Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուշադրություն դարձնել նաև ճանապարհաշինության որակի բարելավմանը: