Պատգամավորը պահանջեց լուծել ջրամատակարարման ոլորտի համակարգային խնդիրները
4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նիստում անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կոչով դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ պահանջելով լուծումներ ջրամատակարարման ոլորտի և կոյուղիների հետ կապված խնդիրների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանի քաղաքացին, բախվելով ջրի կամ կոյուղու հետ կապված խնդիրների, փաստացի մնում է մենակ՝ առանց արդյունավետ արձագանքի թե՛ համայնքային իշխանություններից, թե՛ «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
«Երբ խնդիր է լինում ջրի կամ կոյուղու հետ կապված, մարդը մնում է մենակ, որովհետև թաղապետարանում ասում են՝ «դա մեր գործը չի», «Վեոլիա Ջուր»-ը արձագանքում է այնքանով, որքանով իրեն հարմար է։ Հայաստանի քաղաքացին «Վեոլիա Ջուր»-ի հետ լավագույն դեպքում առնչվում է օպերատորի միջոցով։ Որևէ մեկին որևէ հարցով չի կարող դիմել»,-նշեց Նազարյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ բազմաբնակարանային շենքերի կոյուղիների և ջրամատակարարման խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում, իսկ պատասխանատու մարմինները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը։
«Կոյուղաջրերը դուրս են գալիս շենքերից, տարածվում են, և լավագույն դեպքում գալիս են 60-ականների սարքավորումներով զինված մի քանի տարեց աշխատակիցներ, որոնք կարճաժամկետ լուծում են տալիս։ Թաղապետարանն ասում է՝ դա «Վեոլիա Ջուր»-ի գործն է, «Վեոլիա Ջուր»-ն ասում է, որ «դա թաղապետարանի գործն է», և արդյունքում ոչինչ չի փոխվում»,-ասաց նա։
Նազարյանը նաև օրինակ բերեց Երևանի մի թաղամասից, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատողները երկար ճանապարհ են փորել՝ վերանորոգելու միայն մեկ շենքի խողովակները․
«Պարզվում է՝ 4 շենքի մոտով փոս են փորել, բայց նոր խողովակ են տեղադրել միայն մեկ շենքի համար։ Հարցնում ես՝ բա մյուսները։ Պատասխան՝ «այո, տեսնում ենք, բայց հիմա չենք կարող անել, մի քանի ամիս հետո նորից կփորենք, նոր խողովակները նորից կհանենք»»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Երևանում կան տարածքներ, որտեղ ամռան ամիսներին ջրի որակը կտրուկ վատանում է։
«Էրեբունիում մարդիկ ասում են՝ ջուրը խմելու համար պիտանի չէ, բայց դրա համար շարունակում են վճարել։ Պատասխանը՝ փորձաքննությունը ցույց է տալիս, որ չեք մահանա, եթե ջուրը խմեք։ Այսինքն՝ ջուրը կարող է անվտանգ է, բայց խմելու չէ։ Սա նորմա՞լ է»,-հարցրեց Նազարյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի՝ հարցնելով, թե արդյոք վերահսկվո՞ւմ է, որ նոր շենքերի կառուցման ժամանակ ջրամատակարարման և կոյուղու գծերը համապատասխանեն սահմանված պահանջներին։
«Կառուցվում են նոր շենքեր, բայց ո՞վ է ստուգում՝ արդյոք այդ տարածքի ջրագծերը կամ կոյուղագծերը կարո՞ղ են ապահովել նոր ծավալը։ Կառուցապատողներից պահանջո՞ւմ եք արդիականացնել համակարգերը։ Չեք պահանջում։ Արդյունքում հին ենթակառուցվածքները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը»,-նշեց Նազարյանը։
Պատգամավորը շեշտեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է դառնա քաղաքացիների շահերի իրական պաշտպանն ու պարտադրի «Վեոլիա Ջուր»-ին ապահովել պատշաճ սպասարկում և թափանցիկություն։
«Դուք պետք է Հայաստանի քաղաքացու շահերի պաշտպանը լինեք։ Չի կարող լինել այնպես, որ մարդը իր երկրի ջրամատակարարումը ապահովող ընկերության հետ անգամ չկարողանա հանդիպել կամ խոսել»,-եզրափակեց նա։