Հայաստան

«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ադրբեջանական SOCAR-ի միջոցով 1.5 միլիոն դոլարի նվիրատվություն ստանալու լուրերը

3 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ադրբեջանական SOCAR-ի միջոցով 1.5 միլիոն դոլարի նվիրատվություն ստանալու լուրերը

«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ռուսական տելեգրամյան հարթակներում տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե հիմնադրամը իբր 1.5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության միջոցով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամն այդ մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ 

«Ի պատասխան ռուսական տելեգրամյան հարթակներում տարածված հրապարակումների՝ հայտարարում ենք, որ հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ։ Նմանատիպ պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվետվությունները բաց են հանրության համար, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ թե՛ տարեկան նվիրատվությունների, թե՛ ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում`  https://mystep.foundation/hy/reports/: Ավելին՝ հիմնադրամն ամեն տարի անցնում է անկախ աուդիտ։ 

Հիմնադրամը նվիրատվություններն իրականացնում է միջազգայնորեն ընդունված բաց և թափանցիկ մեխանիզմներով` (https://mystep.foundation/hy/donors/): Դրանց հրապարակումն իրականացվում է հաստատված ընթացակարգերի շրջանակում՝ հարգելով այն նվիրատուների իրավունքները, ովքեր նախընտրում են գաղտնի մնալ։

Նման գաղտնիության պահպանումը լիովին օրինական և տարածված պրակտիկա է բարեգործական հիմնադրամների գործելաոճում և առհասարակ մարդասիրության ոլորտում:

Հիմնադրամը կայքում տեղադրում է տարեկան ֆինանսական և բովանդակային  հաշվետվություններ: 

«Իմ քայլը» հիմնադրամը երբեք չի իրականացրել որևէ տեսակի գործարք, որը կարող էր խախտել իր գործունեության թափանցիկության և արժանահավատության սկզբունքները։

Տարածված հրապարակումները` ադրբեջանական աղբյուրներից փոխանցումներ ստանալու թեմայով, ամբողջությամբ ապատեղեկատվություն են»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Ռուսական տելեգրամյան հարթակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամը իբր 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել եվրոպական ընկերությունների միջոցով, իսկ վերջնական ուղարկողը եղել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը»։ 

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում