Կրթության և գիտության ոլորտում Հայաստանի պետական ծրագրի դրույթները հոգեհարազատ են արտերկրի գործընկերներին
8 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովը, որին մասնակցում են կրթության և գիտության ոլորտի մասնագետներ ու պատասխանատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ պանելային առաջին քննարկման ժամանակ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն իր ելույթում նշեց, որ երկխոսության ու համատեղ ջանքերի միջոցով հնարավոր է ապահովել ավելի մրցունակ և գլոբալ կրթական դաշտ։
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ փոփոխությունների տեմպն աննախադեպ է, որտեղ շուկան, տեխնոլոգիաներն ու գիտելիքը փոխկապակցված են, հետևաբար մեր կրթական համակարգերը պետք է ոչ միայն գիտելիք փոխանցեն, այլև ցուցաբերեն ճկունություն մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս տեսլականն էլ ուղղորդում է Վրաստանի բարձրագույն կրթության ընթացիկ բարեփոխումները, որոնք իրականացվում են վարչապետ Իրակլի Կոբախիձեի առաջնորդությամբ։ Մեր կառավարությունը մշակել է համալիր ծրագիր կրթական բարեփոխումների համար, որոնց հիմքում արդի խնդիրներն են, որոնք պետք է հաղթահարվեն արդյունավետ քաղաքականության միջոցով»,- ասաց Միկանաձեն։
Նախարարի խոսքով՝ Վրաստանի բարձրագույն կրթության ուղենիշերի հիմքում ընդհանուր սկզբունքներն են՝ միջազգայնացումը, թվային վերափոխումը, ինչպես նաև սերտ գործընկերությունն ու համագործակցությունը արտերկրի առաջատար բուհերի ու հետազոտական կենտրոնների հետ։
«Ռազմավարական հարաբերություններ ունեցող հարևան երկրների համար շատ կարևոր է զարգացնել համագործակցությունը, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունն ու փորձը կրթության ոլորտում։ Այսօր մենք հնարավորություն ունենք համատեղ դիմակայել մարտահրավերներին և միասնական ջանքերով լուծել ընդհանուր բնույթի խնդիրները։ Մենք հետաքրքրվում ենք հայ գործընկերներից, թե ինչպես են ընթանում կրթական բարեփոխումները Հայաստանում, որպեսզի պարզենք, թե ինչ կարող ենք ներդնել նաև Վրաստանում։ Միասին մենք կարող ենք հզորացնել մեկմեկու՝ ցույց տալով, թե ինչպիսի հաջողությունների ենք հասել մեր երկրներում, ինչպիսի խոչընդոտներ ենք հաղթահարել բարեփոխումների գործընթացում։ Սա, անշուշտ, օգտակար է երկու կողմերի համար»,- ասաց Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը։
Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Գուլզատ Կոբենովան իր ելույթում նշեց, որ Հայաստանում ընթացող համաժողովի թեման հոգեհարազատ է ղազախական կողմին։
«Եթե դիտարկենք գիտության և կրթության ոլորտում Հայաստանի՝ մինչև 2030 թվականը նախանշված պետական ծրագիրը, ապա ակնհայտ կդառնա, որ այն ներառում է զարգացման այնպիսի առաջնահերթություններ, որոնք գերակա նշանակություն ունեն նաև Ղազախստանի կողմից ընդունված պետական ծրագրում։ Յուրաքանչյուր երկիր ունի զարգացման իր ուղին, բայց հատկապես բարձրագույն կրթության բնագավառում սահմանված նպատակներն ունեն ընդհանրություններ։ Ժամանակներն այժմ հեշտ չեն, մարտահրավերներն էլ դյուրին չեն հատկապես արհեստական բանականության կիրառելիության տեսանկյունից, հետևաբար առաջնահերթ խնդիրը պետք է լինի երիտասարդության ակտիվ ներգրավումը կարևոր հարցերի լուծման պրոցեսում։ Պետության դերակատարությունն ու երիտասարդներին աջակցելու, բարձրորակ կրթությամբ ապահովելու պարտավորությունը չափազանց կարևոր են»,- նշեց Ղազախստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարարը։
Սերբիայի Հանրապետության Միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի օգնական Յանկո Սամարջիչն իր ելույթում նշեց, որ երևանյան համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին, ուստի չափազանց կարևոր են հնչող տեսակետներն ու արձագանքները կենսական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ։
«Կրթվելը զուտ մարդու հիմնարար իրավունքը չէ, այն հնարավորություն է տալիս իրացնել սեփական ներուժը, հետևաբար անհրաժեշտ է միասին հզորացնել հասարակությունը կրթության միջոցով։ Այդ առումով բարեփոխումների գործընթացը շարունակական է՝ հաշվի առնելով բնագավառի խնդիրներն ու տեխնոլոգիական փոփոխությունները։ Պետությունների պարտականությունն է կանխազգալ այդ փոփոխությունները և իրականացնել բարեփոխումներ սոցիալական լայն համատեքստում՝ դրանք վերածելով կոնկրետ գործողությունների և միջոցառումների։ Այդ դեպքում նախանշված նպատակներն անպայման կիրականանան։ Խնդիրները հաղթահարելու համար կառավարություններն ու բուհերը ուսումնական ծրագրերը բարեփոխում են՝ հաստատելով ամուր կապեր գործընկերների հետ։ Կրթությունը պետք է դառնա ավելի ներառական և համապատասխանի արդի պահանջներին ու զարգացման ազգային նպատակներին»,- ասաց Սամարջիչը։
Պարսից ծոցի Համագործակցության Խորհրդի կրթության արաբական բյուրոյի գլխավոր տնօրեն Մոհամմեդ բին Սաուդ բին Աբդուլազիզ Ալ-Մոքբելն իր խոսքում նշեց, որ իրենց կառույցը ներառում է արաբական յոթ երկրներ, մասնաճյուղեր կան Էր-Ռիադում և Դոհայում, իսկ կրթական հետազոտությունների կենտրոնը գտնվում է Քուվեյթում։ Վերոհիշյալ կառույցն ունի կրթական հատուկ ռազմավարություն, որն օգնում է զարգացնել և արդիականացնել կրթական ծրագրերն ու հատկապես արաբերենի դասավանդումը Ծոցի երկրներում։ Նա հույս հայտնեց, որ երևանյան համաժողովում կծնվեն կրթական համակարգի բարեփոխումներին առնչվող և ոլորտային համագործակցությանը վերաբերող նոր գաղափարներ։
«Մեր բուհերն ունեն տարբեր մասնագիտացումներ և օգտվում են կրթական նոր ռազմավարությունից՝ աճող սերնդին տալով համապատասխան գիտելիքներ և բավարար հմտություններ։ Մեր օրերում տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, ուստի պետք է ճիշտ հարաբերվել դրանց հետ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է մտածել մասնագիտական էթիկայի մասին, հատկապես երբ օգտագործում ենք արհեստական բանականության պես տեխնոլոգիա։ Այսօր Պարսից ծոցի երկրները լայն հնարավորություններ են ընձեռում նաև արտասահմանցի ուսանողների համար, որոնք կարող են գալ և սովորել տարածաշրջանի բարձրակարգ ու հեղինակավոր բուհերում՝ ստանալով որակյալ կրթություն։ Այսինքն՝ ստեղծվում է գիտելիք փոխանակելու հնարավորություն։ Մենք պատրաստվում ենք նաև հետազոտական կենտրոններ բացել միջազգային դասախոսների համար և նրանց հետ կազմել միասնական ծրագրեր, որոնք կօգնեն մասնագետներին և քաղաքականություն մշակողներին»,- ասաց Ալ-Մոքբելը։