Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը հանդես է եկել շնորհավորական խոսքով՝ ընդգծելով քրեակատարողական համակարգի կարևոր դերը մարդու իրավունքներին առնչվող տարբեր խնդիրների հասցեավորման տեսանկյունից․ «Սրտանց շնորհավորում եմ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում եմ արժանապատիվ, արդյունավետ, պրոֆեսիոնալ և իրավունքահեն ծառայություն: Պատշաճ մակարդակով իրականացվելու դեպքում այս ծառայությունն իրական առաքելություն է, որը կարող է առանցքային ազդեցություն ունենալ մարդկանց ճակատագրերի վրա: Թեև մեր հաղորդակցությունը հիմնականում տեղի է ունենում ՄԻՊ կողմից խնդիրների արձանագրման համատեքստում, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված են գործընկերային և կառուցողական հարաբերություններ։ Ինչպես Արդարադատության նախարարությունը, այնպես էլ Քրեակատարողական ծառայությունը ցուցաբերում են կառուցողական մոտեցում՝ մեր կողմից արձանագրված խնդիրների հասցեավորման և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցում: Այս համակարգը կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների, որոնք պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ հնարավոր չէ կառուցել նոր համակարգ՝ հին մոտեցումներով»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Ամփոփելով խոսքը՝ Պաշտպանը քրեակատարողական ծառայողներին մաղթել է արդյունավետ, արգասաբեր, բարձր պրոֆեսիոնալիզմով և արժանապատիվ ծառայություն:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, այլ պետական մարմինների, ՄԻՊ աշխատակազմի, ակադեմիական համայնքի ղեկավար կազմն ու ներկայացուցիչները։

Այնուհետև Պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է եղել Քրեակատարողական ծառայողների պարգևատրման արարողությանը:

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև «Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում