Առաջացել է հանքարդյունաբերությունը առկա խնդիրներին համապատասխան զարգացնելու անհրաժեշտություն. փորձագետ

10 րոպեի ընթերցում

Հայաստանում շատ խիստ են հանքարդյունաբերական ոլորտի նկատմամբ սահմանված պահանջները, որոնք, անշուշտ, շատ կարևոր են, բայց միաժամանակ պետք է առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվել երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի զարգացմանը՝ այն իրականացնելով ժամանակակից չափանիշներին համապատասխան: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի խորհրդական, ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ Հայկ Ակարմազյանը: 

- Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներկայում որքանո՞վ են համադրելի կայուն զարգացումը և բնապահպանությունը: 

- Եթե տարիներ առաջ բնապահպանական սահմանափակումներին հետևելը, «կանաչ» ձևաչափով աշխատելը կամ ընկերությունում կայուն զարգացման մշակույթ ունենալը համարվում էր ճոխություն կամ ցանկալի երևույթ, ապա այսօր դա պարտադիր է, որովհետև առանց դրա անհնար է ապահովել զարգացում: Ինչո՞ւ: Տեսեք, օրինակ, կլիմայի փոփոխության հետևանքով շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ծագել են գլոբալ խնդիրներ՝ սակավաջրություն, հողերի չորացում, անապատացում և այլն: Հետևաբար, առաջացել է արդյունաբերությունը առկա խնդիրներին համապատասխան զարգացնելու անհրաժեշտություն: Այսինքն, պետք է համապատասխանել բնապահպանական սահմանափակումներին և լինել կայուն զարգացող ընկերություն՝ կիրառել ջրօգտագործման փակ ցիկլեր և նվազագույնի հասցնել ջրի կորուստը, ունենալ շոգ եղանակին արդյունաբերության աշխատանքը կազմակերպելու ինժեներական լուծումներ և այլն: Կայուն զարգացումը յուրօրինակ փրկօղակ է դարձել արդյունաբերության համար: 

- Դա ենթադրո՞ւմ է նոր տեխնոլոգիաների մշակում և ներդրում:

- Անշուշտ: Դրանք կոչվում են բնահեն տեխնոլոգիաներ և կայուն զարգացման տեխնոլոգիական լուծումներ: Նույն ջրօգտագործման փակ համակարգի ստեղծումը ինժեներական լուծումներ է պահանջում: Կայուն զարգացման ցանկացած տեխնոլոգիա ինժեներական հետազոտությունների կամ կիրառական լուծումների արդյունք է: Ընդ որում, շատ դեպքերում այդ տեխնոլոգիաներն արդեն մշակված ու ստեղծած են, ուստի հեծանիվ հնարելու կարիք չկա: Խնդիրը միայն նրանում է, որ հաճախ այդ տեխնոլոգիաները համապատասխանեցված են որոշակի երկրների առանձնահատկություններին և այլ վայրերում օգտագործելու համար առաջանում է դրանք տեղայնացնելու կարիք: Հայաստանի պայմաններում դրանց նույնությամբ կիրառումը ոչ միշտ կարող է արդյունավետ լինել և նպաստել առաջադրված խնդիրների լուծմանը:

Հայտնի է, որ կոմպրեսորների, պոմպերի կամ շարժիչների օպտիմալացման պարագայում հնարավոր է մինչև 30 տոկոսով խնայել էլեկտրաէներգիայի ծախսը: Կամ կոմպրեսորային համակարգերի մեկ խողովակի վրա գոյացած փոքրիկ անցքը կարող է տարեկան հազար դոլարի չափով կորստի հանգեցնել: Իսկ խոշոր ձեռնարկություններում այդ վնասը էներգատարության և ջրի լրացուցիչ ծախսերի պատճառով բազմապատիկ մեծ կլինի: Պոլիտեխնիկական համալսարանում զբաղվում ենք նաև արդյունաբերությունում ծագող խնդիրների ինժեներական լուծումների մշակմամբ:

- Հիմա ի՞նչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ:

- Տարբեր բնույթի: Ունենք լաբորատորիաներ, որոնցում գործընկերներս զբաղվում են, օրինակ, էներգետիկ կառավարման և էներգետիկ աուդիտի լուծումների մշակմամբ: Ես կենտրոնացած եմ նոր հումքին առնչվող խնդիրների ուսումնասիրության վրա.  այն հումքի, որն այսօր ստրատեգիական նշանակություն ունի աշխարհում: Խոսքը պղնձի, լիթիումի, կոբալտի, նիկելի, հազվագյուտ հողային տարրերի մասին է, որոնք վերականգնվող էներգետիկային անցնելուն, մարտկոցների զարգացմանը, էլեկտրական մեքենաների տարածմանը զուգահեռ աստիճանաբար դառնում են ավելի կարևոր և պահանջված: Հայաստանում այս նյութերը հիմնականում ուսումնասիրվել են խորհրդային տարիներին:

Վերջերս իրականացրեցինք ևս մեկ հետաքրքիր նախագիծ, որի նպատակն է Հայաստանի շուրջ 100 տաք աղբյուրներից վերցված նմուշները ժամանակակից սարքավորումներով քիմիական անալիզի ենթարկելու միջոցով պարզել դրանց բաղադրությունը, հասկանալ, թե ինչ տարրեր են պարունակում:

Մեր գիտական թիմն իրականացնում է նաև էլեկտրական մեքենաների մարտկոցների վերամշակման վերաբերյալ աշխատանքներ: Շատ մեքենաների մարտկոցները տեսանելի ապագայում վերածվելու են թափոնի: Մեր նպատակն է ստեղծել այդ թանկարժեք հումքի վերամշակման տեխնոլոգիա, որպեսզի այն չդառնա թափոն, չվնասի բնությունը, այլ հակառակը՝ վերականգնենք կամ կորզենք դրանց արտադրության ընթացքում օգտագործված լիթիումը, կոբալտը, նիկելը և այլ մետաղները:

Հիմնվելով համաշխարհային փորձի վրա՝ վերջերս մշակել ենք տեխնոլոգիական մի սխեմա՝ կատարելով բնապահպանական նախնական գնահատում, ուսումնասիրելով պրոցեսի ջրատարության, էներգատարության հարցերը, ինչպես նաև կատարել ենք տնտեսական հաշվարկ՝ պարզելու, թե որքանով ձեռնտու կլինի այդ հումքի վաճառքը:

- Այդ ուսումնասիրությունների արդյունքում մշակված լուծումները կարո՞ղ են հեղափոխական նշանակություն ունենալ Հայաստանի տնտեսությունում:

- Մենք կատարում ենք մեր աշխատանքը, իսկ դրա արդյունքների հեղափոխական դառնալը միայն հետազոտողի ջանքերով չի պայմանավորված: Կախված է նաև նրանից, թե որքանով դա կհետաքրքրի ձեռներեցներին և կիրառական նշանակություն կունենա, ինչպիսին կլինի պետության աջակցությունը: Իմ խորին համոզմամբ՝ հանքարդյունաբերությունը, մետալուրգիան, քիմիական արդյունաբերությունը ապագայում դառնալու են տնտեսության կարևորագույն ճյուղերից: Ժամանակին արդյունաբերական զարգացած համալիրներ ունեցած Հայաստանում ճիշտ կվարվեն, եթե տևական դադարից հետո վերականգնեն այդ ներուժը, որպեսզի ապագայում ունենանք մրցունակ տնտեսություն:

Մեր լուծումները կարող են վարակիչ լինել մասնագիտական համայնքի համար, քանի որ միտված են նորարար մոտեցումների՝ արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց տեխնոլոգիական ներուժի օգտագործմամբ ծանր արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացմանը նպաստելուն: 

- Պետությունը և անհատ գործարարները հետաքրքրություն դրսևորո՞ւմ են նման հետազոտությունների նկատմամբ:

- Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը խթանում է հետազոտական գործունեությունը, հատկապես՝ կիրառական, ոչ տեսական բնույթի: Բացի այդ, սերտորեն համագործակցում ենք արդյունաբերական ձեռնարկությունների հետ, պարբերաբար քննարկում ենք տարբեր լուծումները: Որպես կանոն՝ գիտական մշակումները միանգամից չեն ներդրվում տնտեսությունում՝ դրա համար տարիներ են պահանջվում: Բայց կարող եմ ասել, որ կապի և համագործակցության խնդիր չունենք:

- Մոտավորապես ե՞րբ կավարտվեն և հանրությանը կներկայացվեն այդ աշխատանքների արդյունքները:

- Վերոնշյալ գիտական աշխատանքներից մեկի (Հայաստանի շուրջ 100 տաք աղբյուրներից վերցված նմուշների բաղադրության քիմիական անալիզի) վերաբերյալ զեկույց եմ ներկայացրել հուլիսին արտերկրում կայացած «Էներգետիկա և կայուն զարգացում» միջազգային գիտաժողովի ժամանակ: Այդ աշխատանքի մասին հոդվածը տպագրվելու է միջազգային մակարդակով բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական շտեմարանում:

Մարտկոցներին առնչվող մեր աշխատանքների մասին զեկույց ենք ներկայացրել սեպտեմբերի սկզբին կայացած «Կայուն զարգացող ճարտարագիտություն. քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ» խորագրով եվրոպական գիտաժողովում:

- Կայուն զարգացման, ինչպես նաև բնության պահպանության հետ կապված ի՞նչ խնդիրների են բախվում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները:

- Հիմնական խնդիրն այն է, որ հանքարդյունաբերական շատ օբյեկտներ ժառանգել ենք նախորդ հասարակարգից: Մինչդեռ հիմա այլ պահանջներ են սահմանված. հանքում արդյունահանում իրականացնելուց առաջ պետք է մտածել այն մասին, թե հետագայում ինչպես է դադարեցվելու դրա շահագործումը, դեռևս նախագծման փուլում ունենալ հանքի ազդեցության մեղմացման միջոցառումների, ինչպես նաև փակման ծրագիր (ռեկուլտիվացիա, շրջակա միջավայրի վերականգնում և այլն): Բնականաբար, խորհրդային տարիներից շահագործվող հանքերն ունեն հին ստանդարտներից բխող խնդիրներ: Դրանք ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու համար պահանջվում են մեծ ջանքեր և ներդրումներ: Անմիջականորեն ծանոթ լինելով մեր հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը՝ կարող եմ ասել, որ դրանցում աշխատում են միջազգային մակարդակի փորձ և որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կարող են ապահովել պահանջվող չափանիշների ներդրումն ու կիրառումը:

Առհասարակ, Հայաստանում շատ խիստ են հանքարդյունաբերական ոլորտի նկատմամբ սահմանված պահանջները: Ավելին, մասնագետները երբեմն նշում են ոլորտի «խեղդված» լինելու մասին: Իհարկե, խիստ սահմանափակումները և ավելի ակտիվ էկոլոգիական գործընթացներն անհրաժեշտություն են, բայց միաժամանակ պետք է առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվենք մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկին:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը