Վրաստան

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին ընդդիմության ցույցին կառույցի գործող նախագահի մասնակցության առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին ընդդիմության ցույցին կառույցի գործող նախագահի մասնակցության առնչությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և կազմակերպության անդամ պետություններին՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի` հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքին այցելելու կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի այցի կապակցությամբ և բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և մասնակից պետություններին։ ԵԱՀԿ քարտուղարությանը ուղարկված նոտայում նախարարությունը նշում է, որ Վրաստան կատարած պաշտոնական այցից բացի, նախարար Վալտոնենը միացել է փողոցում մարդկանց փոքր խմբի կողմից անցկացված հակակառավարական հանրահավաքին և հայտարարություն է արել, որը փորձ է միջազգային հանրությանը մոլորեցնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ից նշել են, որ նմանօրինակ գործողությունները հակասում են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ոգուն և կարող են համարվել գործող նախագահի մանդատի ակնհայտ չարաշահում։

Վրացական լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը տուգանել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ Թբիլիսիում հանրահավաքին մասնակցելու ժամանակ ճանապարհն անօրինական փակելու համար։ Օրենքի համաձայն, ցուցարարներին թույլատրվում է փակել ճանապարհը միայն այն դեպքում, եթե նրանք չեն կարող տեղավորվել հետիոտնային գոտում: Այս խախտման համար տուգանքը կազմում է 5000 լարի (մոտավորապես 1800 դոլար):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ նա մասնակցել է Թբիլիսիում անցկացվող հանրահավաքին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում