ՄԱԶԾ-ն նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը՝ Դիլիջանում անցկացնելով հակաականային գործունեության իրազեկման միջոցառում
5 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՄԱԶԾ-ն Դիլիջանում կազմակերպել էր հումանիտար ականազերծմանն ու համայնքների անվտանգությանը նվիրված հատուկ միջոցառում՝ միտված մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) հետ համատեղ՝ ընդգծելու ձեռքբերումները և վերահաստատելու Հայաստանի ողջ տարածքում ավելի անվտանգ և դիմակայուն համայնքներ կառուցելու հանձնառությունը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց՝ այս տարեդարձը ոչ միայն ՄԱԶԾ-ի և Հայաստանի կառավարության ու ժողովրդի երկարամյա գործընկերության արդյունքն է, այլև համատեղ հանձնառության վերահաստատումը՝ հանուն կայուն զարգացման և համայնքների անվտանգության:
«Տավուշում և ողջ երկրում մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր համայնք լինի հզոր, դիմակայուն և ականների սպառնալիքից ազատ։ Մենք խորապես երախտապարտ ենք ՀԱՓԿ-ին և Տավուշի մարզպետարանին ամուր համագործակցության համար և ակնկալում ենք շարունակել մեր համատեղ ջանքերն ավելի անվտանգ Հայաստան կառուցելու գործում»,- ասաց Նաթիա Նացվլիշվիլին։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հոբելյանական միջոցառումը նշվում է Տավուշի մարզում, քանի որ հենց այստեղ ՄԱԶԾ-ն իրականացրել է բազմաթիվ կարևոր ծրագրեր։ Նա ընդգծեց, որ այդ նախաձեռնությունները ներառում են սոցիալ-տնտեսական զարգացումը, գենդերային հարցերի առաջմղումը, ականազերծմանն ուղղված գործողությունները, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրերը։
«Այս տարիների ընթացքում մենք շատ լավ համագործակցություն ենք ձևավորել Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք՝ Տավուշի մարզում, որպեսզի ընդգծենք մեր համագործակցությունը հատկապես ականազերծման ոլորտում»,-նշեց նա։
ՄԱԶԾ ներկայացուցիչը նաև նկատեց, որ Տավուշի որոշ համայնքներում դեռ կան չպայթած ականներ, ինչը լուրջ խոչընդոտ է մարզի և տվյալ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար։
Նա հավելեց, որ մարդասիրական ականազերծումը ՄԱԶԾ-ի և Հայաստանի կառավարության համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է։
«Ցավոք սրտի, չպայթած ականներն ու նմանատիպ զինատեսակները խանգարում են գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ դրանց պատճառով հսկայածավալ վարելահողեր մնում են չօգտագործված»,-ընդգծեց նա։
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն էլ ընդգծեց՝ մեծ պատիվ է Դիլիջանում հյուրընկալել այս կարևոր միջոցառումը և նշել ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ գործընկերության երեք տասնամյակը։
«Հումանիտար ականազերծման ուղղությունը հատկապես կարևոր է մեր մարզի համար, քանի որ այն անմիջականորեն նպաստում է մեր համայնքների անվտանգությանը և բարեկեցությանը։ Մենք բարձր ենք գնահատում ՄԱԶԾ-ի և բոլոր գործընկերների հետ շարունակական համագործակցությունը՝ Տավուշի մարզի և ամբողջ Հայաստանի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով»,- ասաց մարզպետի տեղակալը:
ՀԱՓԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանի խոսքով՝ հումանիտար ականազերծումը կարևոր քայլ է Տավուշի համայնքների անվտանգության և բարեկեցության ապահովման ճանապարհին:
«ՄԱԶԾ-ի և տեղական իշխանությունների հետ մեր գործընկերության շնորհիվ կարողանում ենք ապահովել կյանք փրկող կրթություն և գործնական լուծումներ, որոնք իրական փոփոխություն են բերում։ Այս միջոցառումը հնարավորություն է մեր համատեղ ձեռքբերումները ներկայացնելու և մեր հանձնառությունը վերահաստատելու՝ ականազերծ և դիմակայուն Հայաստան ունենալու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև «Քայլելով փոփոխությունների միջով. ՄԱԶԾ-ի 30 տարիները Հայաստանում» ֆիլմը:
ՀԱՓԿ-ի կողմից անցկացվեցին ինտերակտիվ վարժություններ և ականների ու պայթուցիկ զինամթերքի վտանգների վերաբերյալ իրազեկման սեսիաներ: