Հայաստան

ՄԱԶԾ-ն նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը՝ Դիլիջանում անցկացնելով հակաականային գործունեության իրազեկման միջոցառում

5 րոպեի ընթերցում

ՄԱԶԾ-ն նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը՝ Դիլիջանում անցկացնելով հակաականային գործունեության  իրազեկման միջոցառում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Հոբելյանի շրջանակում  ՄԱԶԾ-ն Դիլիջանում  կազմակերպել էր հումանիտար ականազերծմանն ու համայնքների անվտանգությանը նվիրված  հատուկ միջոցառում՝ միտված մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելուն:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  միջոցառումը կազմակերպվել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) հետ համատեղ՝ ընդգծելու ձեռքբերումները և վերահաստատելու Հայաստանի ողջ տարածքում ավելի անվտանգ և դիմակայուն համայնքներ կառուցելու հանձնառությունը։ 

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց՝ այս տարեդարձը ոչ միայն ՄԱԶԾ-ի և Հայաստանի կառավարության ու ժողովրդի երկարամյա գործընկերության արդյունքն է, այլև համատեղ հանձնառության վերահաստատումը՝ հանուն կայուն զարգացման և համայնքների անվտանգության:  

«Տավուշում և ողջ երկրում մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր համայնք լինի հզոր, դիմակայուն և ականների սպառնալիքից ազատ։ Մենք խորապես երախտապարտ ենք ՀԱՓԿ-ին և Տավուշի մարզպետարանին ամուր համագործակցության համար և ակնկալում ենք շարունակել մեր համատեղ ջանքերն ավելի անվտանգ Հայաստան կառուցելու գործում»,- ասաց  Նաթիա Նացվլիշվիլին։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հոբելյանական միջոցառումը նշվում է Տավուշի մարզում, քանի որ հենց այստեղ ՄԱԶԾ-ն իրականացրել է բազմաթիվ կարևոր ծրագրեր։ Նա ընդգծեց, որ այդ նախաձեռնությունները ներառում են սոցիալ-տնտեսական զարգացումը, գենդերային հարցերի առաջմղումը, ականազերծմանն ուղղված գործողությունները, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրերը։ 

«Այս տարիների ընթացքում մենք շատ լավ համագործակցություն ենք ձևավորել Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք՝ Տավուշի մարզում, որպեսզի ընդգծենք մեր համագործակցությունը հատկապես ականազերծման ոլորտում»,-նշեց նա։ 

ՄԱԶԾ ներկայացուցիչը նաև նկատեց, որ Տավուշի որոշ համայնքներում դեռ կան չպայթած ականներ, ինչը լուրջ խոչընդոտ է մարզի և տվյալ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ 

Նա հավելեց, որ մարդասիրական ականազերծումը ՄԱԶԾ-ի և Հայաստանի կառավարության համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է։ 

«Ցավոք սրտի, չպայթած ականներն ու նմանատիպ զինատեսակները խանգարում են գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ դրանց պատճառով հսկայածավալ վարելահողեր մնում են չօգտագործված»,-ընդգծեց նա։ 

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն էլ ընդգծեց՝ մեծ պատիվ է Դիլիջանում հյուրընկալել այս կարևոր միջոցառումը և նշել ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ գործընկերության երեք տասնամյակը։ 

«Հումանիտար ականազերծման ուղղությունը հատկապես կարևոր է մեր մարզի համար, քանի որ այն անմիջականորեն նպաստում է մեր համայնքների անվտանգությանը և բարեկեցությանը։ Մենք բարձր ենք գնահատում ՄԱԶԾ-ի և բոլոր գործընկերների հետ շարունակական համագործակցությունը՝ Տավուշի մարզի և ամբողջ Հայաստանի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով»,- ասաց մարզպետի տեղակալը: 

ՀԱՓԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանի խոսքով՝ հումանիտար ականազերծումը կարևոր քայլ է Տավուշի համայնքների անվտանգության և բարեկեցության ապահովման ճանապարհին:  

«ՄԱԶԾ-ի և տեղական իշխանությունների հետ մեր գործընկերության շնորհիվ կարողանում ենք ապահովել կյանք փրկող կրթություն և գործնական լուծումներ, որոնք իրական փոփոխություն են բերում։ Այս միջոցառումը հնարավորություն է մեր համատեղ ձեռքբերումները ներկայացնելու և մեր հանձնառությունը վերահաստատելու՝ ականազերծ և դիմակայուն Հայաստան ունենալու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։ 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց  նաև «Քայլելով փոփոխությունների միջով. ՄԱԶԾ-ի 30 տարիները Հայաստանում» ֆիլմը:

ՀԱՓԿ-ի կողմից անցկացվեցին ինտերակտիվ վարժություններ և ականների ու պայթուցիկ զինամթերքի վտանգների վերաբերյալ իրազեկման սեսիաներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում