Տեսանյութ

Մեկնարկեց «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում անսովոր աշխուժություն էր։ Վաղ առավոտից տարածքը լցված էր գունեղ օդապարիկներով։ Մեկնարկեց «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որը կազմակերպում է «Սքայբոլ» ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։  

Օդաչուները վերջին հրահանգները կատարեցին ու րոպեներ անց Երևանի երկինքը պատվեց վառ գույներով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թռիչքին մասնակցողները հնարավորություն ունեցան վայելել Երևանը թռչնի բարձունքից։ Քնից արթնացող քաղաքի բնակիչները շաբաթվա վերջին աշխատանքային օրվա առավոտը դիմավորեցին գունեղ երկնքով ու տպավորիչ տեսարանով։   

Երևանցիների ու հյուրերի համար նախատեսված այս յուրահատուկ փառատոնը, որը տարեցտարի ընդլայնում է մասնակցության աշխարհագրությունը, համախմբել է օդաչուների բազմաթիվ երկրներից։ Այս տարի 20 օդապարիկ է բարձրանում երկինք։ Միջազգային փառատոնին մասնակցում են ԱՄԷ-ից, Անգլիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Հայաստանից: Այն կտևի մինչև  հոկտեմբերի 15-ը։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 11 թռիչք Երևանից, Գառնիից, Ապարանից։   

Բոլոր նրանք, որոնք ցանկանում են օդապարիկներով թռչել, կարող են նախապես տոմսեր ձեռք բերել։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ չեն ներգրավվելու թռիչքներին, կազմակերպիչները խորհուրդ են տալիս անպայման լինել օդապարիկների թռչելու մեկնարկային կետերում և վայելել այդ գունեղ, դիտարժան տեսարանը։ Օդապարիկների թռիչքների ժամանակացույցին հնարավոր է ծանոթանալ «Սքայբոլ» ընկերության սոցիալական ցանցերի էջերում։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում