Վրաստանում ցուցարարները գրոհել են նախագահի նստավայրի վրա, ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել
3 րոպեի ընթերցում

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ բողոքի գործողություն անցկացնող ցուցարարները հոկտեմբերի 4-ին գրոհել են երկրի նախագահի նստավայրի վրա։ Ուժայինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NewsGeorgia-ն։
Հաղորդվում է, որ հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ «Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի կոչով մի խումբ ցուցարարներ, հիմնականում տղամարդիկ, շարժվել են դեպի Վրաստանի նախագահի նստավայր։ Մի քանի տասնյակ բողոքողներ կոտրել են ցանկապատը, ներխուժել բակ և հարձակվել պահակախմբի ներկայացուցիչների վրա, սակայն հատուկ նշանակության ջոկատը և հարյուրավոր պարեկներ նրանց դուրս են մղել տարածքից։ Ցուցարարների մեջ եղել են զրահաբաճկոններով տղամարդիկ։
Ցույցը ցրելուց առաջ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքի գործողությունը դուրս է եկել օրենքի սահմաններից, ուստի ոստիկանությունը ստիպված է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ցուցարարներին բարձրախոսով կոչ են արել ցրվել։ Նշվում, որ վերջիններս դրան պատասխանել են քարեր նետելով։
Ըստ լրատվամիջոցի՝ ցուցարարների և ուժայինների միջև պարբերաբար տեղի են ունենում բախումներ։ Ազատության հրապարակից Ատոնելի փողոց են հասել հարյուրավոր այլ մարդիկ, որոնք պահանջում են նախագահական պալատի բանալիները։ Ցույցի կազմակերպիչներից Պատա Բուրչուլաձեն հայտարարել է, որ գործող կառավարությունը լեգիտիմ չէ և կոչ է արել սկսել «իշխանության խաղաղ փոխանցման» գործընթաց։
Նա պահանջել է ձերբակալել և դատել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին, Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեին, խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանիին, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ներսում չէ։
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսթավելի պողոտայում հանրահավաքին մասնակցելու ընթացքում սադրանք է որակել Օրբելիանիի պալատի վրա հարձակման փորձը։ Նա նշել է, որ տեղյակ չէ, թե ում նախաձեռնությամբ է իրականացվել այս գործողությունը։ Միաժամանակ, նա նշել է, որ դա վարչակազմին հակադրվողների բողոքի խաղաղ ցույցը ճնշելու փորձ է։
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 64 քաղաքներում և շրջաններում քվեարկողներն ընտրում են քաղաքապետերի և տեղական խորհուրդների անդամների (սակրեբուլոներ)։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն։