2 րոպեի ընթերցում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել տեղական ինքնակառավարման ընտրություններում լիակատար հաղթանակի վերաբերյալ՝ նշելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը կազմում է 65%։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ փոխանցելով Վրաստանի վարչապետի հայտարարությունը։
«Երբ մեր վարկանիշը 65% է, ինչպե՞ս կարող է որևէ խելացի մարդ մտածել Կառավարությունը տապալելու և հեղափոխություն կազմակերպելու մասին։ Մենք ունենք հուսալի հետազոտություններ, և այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը 65% է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ Վրաստանի 64 քաղաքներում և շրջաններում քվեարկողներն ընտրում են քաղաքապետերի և տեղական խորհուրդների անդամների (սակրեբուլոներ)։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ Թբիլիսիի ժամանակով 12։00-ին ընտրություններին քվեարկած մասնակիցների թիվը կազմում է 17,15%, ընտրողների թիվը կազմում է 602 հազար 445 մարդ։
Հաղորդվում է, որ 18 տարեկան և բարձր Վրաստանի 3,513,818 քաղաքացիներ իրավունք ունեն քվեարկելու։ Նրանց համար բաց է 3,061 ընտրատեղամաս։ Ընտրություններին հետևում են 28 միջազգային կազմակերպություններից ավելի քան 80 դիտորդ և 27 տեղական կազմակերպություններից ավելի քան 8,000 դիտորդ։ Ընտրությունները լուսաբանում է 73 լրատվամիջոցներից մինչև 1,000 լրագրող։
Քվեարկությանը մասնակցում է տասներկու քաղաքական կուսակցություն, իսկ որոշ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են բոյկոտի մասին։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործող քաղաքապետ Կախա Կալաձեն, որը պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։