Քաղաքականություն

Նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Այազովը բարձր են գնահատել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների կայուն բարձր մակարդակը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Այազովը բարձր են գնահատել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների կայուն բարձր մակարդակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին՝ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակազմից՝ ընդգծելով, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ մաղթելով Թուրքմենստանին և թուրքմեն ժողովրդին խաղաղություն, շարունակական զարգացում և բազմակողմանի բարգավաճում։ 

Բացի այդ, նախագահը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության և ջանքերի համար, բարձր գնահատել նրա ներդրումը երկու երկրների համագործակցության զարգացման գործում և մաղթել նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ։ 

Նշվում է, որ զրույցի ընթացքում ընդգծվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

«Նախագահը շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական և մշակութային ոլորտներում՝ նպաստելով երկկողմ կապերի խորացմանը»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Թուրքմենստանի միջև քաղաքական հարաբերությունների կայուն բարձր մակարդակը և փոխայցելությունները, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ և վստահելի համագործակցությունը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում