Գյումրիում կանցկացվի HAY-At JAZZ ամենամյա ջազային փառատոնը

3 րոպեի ընթերցում

«Մանուկյան ընկերություն»-ը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-13-ը Գյումրիում կիրականացնի «HAY-At JAZZ» (Հայը՝ ջազում, ջազը՝ բակում) ջազային փառատոնը: Այս տարի նախաձեռնությունն իրականացվում է արդեն վեցերորդ անգամ՝ դառնալով քաղաքի մշակութային և զբոսաշրջային կարևոր իրադարձություններից մեկը։

Չորս օրվա ընթացքում Գյումրու չորս թանգարանների գողտրիկ բակերը կդառնան բացօթյա ջազային հարթակներ, որտեղ հանդես կգան ինչպես ճանաչված, այնպես էլ երիտասարդ երաժիշտներ։ Փառատոնը մեկնարկելու է հոկտեմբերի 10-ին ժ. 17։00-ին, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի (Ձիթողցոնց տուն-թանգարան) բակում։ Բացման համերգին ելույթ կունենան Լևոն Մալխասյանը և Malkhas Jazz Band-ը, ինչպես նաև «Սոնա և ընկերներ բենդ»-ը։

Հոկտեմբերի 11-ին ժ. 16։00-ին Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի բակում ելույթ կունենա «Կարեն Մամիկոնյան բենդ»-ը, հոկտեմբերի 12-ին ժ. 16։00-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդ»-ը:

Փառատոնի փակման համերգը կկայանա հոկտեմբերի 13-ին ժ. 17։00-ին «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր»-ի պատկերասրահի բակում, որտեղ ելույթ կունենան Սոնա Գյուլխասյանը և »Ռաֆայել Պետորսյան տրիո»-ն։

«HAY-at JAZZ»-ը Գյումրիում առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Նախաձեռնության հիմնական նպատակն է վերաիմաստավորել քաղաքային մշակութային տարածքները և Գյումրին ներկայացնել որպես ժամանակակից արվեստի և զբոսաշրջության խաչմերուկ։

«Այս փառատոնը ոչ միայն երաժշտական իրադարձություն է, այլև մշակութային հարթակ, որը միավորում է տարբեր արվեստներ՝ ջազը դարձնելով հասանելի։ Մենք նպատակ ունենք պահպանել այս յուրօրինակ ձևաչափը, որով թանգարանային բակերը վերածվում են կենդանի մշակութային կենտրոնների. Ջազային համերգներն ավանդաբար անցկացվում են Գյումրիի թանգարանների բակերում՝ 4 օր շարունակ մշակութային «հայաթները» վերածելով ջազային համերգների հարթակների. ջազասերին Գյումրիում ջազ լսելու չկրկնվող միջավայր է առաջարկվում, քանի որ թանգարանների բակերը ե՛ւ գողտրիկ, ե՛ւ մշակութային փնտրված տարածքներ են ջազի նման ինտելեկտուալ արվեստի սիրահարների համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Մանուկյան ընկերության» հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը։

Փառատոնի բոլոր համերգնեն անվճար են: 

«Փառատոնը թույլ է տալիս դուրս բերել երաժշտական համերգները համերգային դահլիճներից եւ միավորել մշակութային մի քանի ճյուղեր, այս դեպքում՝ թանգարանային մշակույթը միավորել երաժշտական-ջազային մշակույթին։ Սա նաեւ բացառիկ հնարավորություն է՝ հասանելի դարձնել ջազային համերգները հասարակության լայն շերտերին եւ դա անել այցելուի համար անվճար»,- ընդգծեց «HAY-at JAZZ» նախագծի ղեկավար Լիլիթ Թովմասյանը։

Հայերեն Русский