Հայաստան

Ավարտվել է երկու անձին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է երկու անձին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել իբրև Ոստիկանության աշխատակիցներ: 

Այնուհետև, վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Տ.Մ.-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ և նստեցրել նույն ավտոմեքենան, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով ընթացել են Վանաձոր համայնքի տարբեր փողոցներով: 

«Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն սրահի, բեռնախցիկի ստուգմամբ ոչինչ չգտնելով շուրջ 1 ժամ անց մեքենայից իջեցրել են Ք.Ա.-ին, իսկ մի քանի ժամ հետո՝ նաև Տ.Մ.-ին՝ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելով վերջինիս պատկանող խոշոր չափերով՝ 3 մլն 500 հզր ՀՀ դրամ արժողության ավտոմեքենան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Դ.-ի և Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով (ավազակությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում