Գիտությունն ու տեխնոլոգիաները՝ Երևանի սրտում. Վաղը մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը
2 րոպեի ընթերցում

Վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» համապետական միջոցառումը, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը՝ ժամը 15:00-ից մինչև 21:00-ն, «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով։
Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը վեց օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնին մասնակցելու են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։
Թեմատիկ բաժիններ
Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1) – Գիտության և ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։
Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3) – Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5) – Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։
Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում, որոնք կգրանցվեն և կմիանան «Գիտության շաբաթ․Հայաստան»-ին, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ։ Դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված միջոցառումների փաթեթը հատուկ մշակվել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» թիմի կողմից։ Այս նախաձեռնության նպատակն է գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն և սեր սերմանել դեռ վաղ տարիքից։
«Գիտության շաբաթ․Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։