Գիտություն

«Գիտության շաբաթ. Հայաստան 2025»-ը կհամախմբի ավելի քան 50,000 այցելուի

3 րոպեի ընթերցում

«Գիտության շաբաթ. Հայաստան 2025»-ը  կհամախմբի ավելի քան 50,000 այցելուի

Հայաստանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը  կանցկացվի գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման լայնամասշտաբ «Գիտության շաբաթ․Հայաստան 2025» փառատոնը։ Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ»։  Փառատոնի բացումը տեղի կունենա Ազատության հրապարակում՝ ժամը 15։00-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փառատոնը կհամախմբի ավելի քան 50,000 այցելուի և ապակենտրոնացված միջոցառումներով կներգրավի շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ 

Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը 6 օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը։

Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչներ։

Փառատոնի թեմատիկ բաժիններն են․

  • Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1) – Գիտության և ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։
  • Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3) – Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
  • Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5) – Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։

Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ՝ նպատակ ունենալով գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն և սեր սերմանել վաղ տարիքից։

«Գիտության շաբաթ․Հայաստան 2025»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը` Ամերիաբանկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում