Վահագն Խաչատուրյանն ու Բարդուղիմեոս Առաջինը քննարկել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունը
1 րոպեի ընթերցում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։
Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։
Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական գործունեությանը և հումանիտար խնդիրներում գործակցությանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Նորին Սրբության հումանիտար գործունեությունը և այդ ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամությունը։