Բժշկական համալսարանում մեկնարկել է «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարը
8 րոպեի ընթերցում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 23-ին մեկնարկեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարանում սեպտեմբերի 23-26-ը, ամերիկահայ բժիշկները, ԱՄՆ մասնագետները հայ գործընկերների հետ կանցկացնեն քննարկումներ, կկիսվեն փորձով և գիտելիքով։
«Այսօր ևս մեկ հիշարժան օր է համալսարանում` հաշվի առնելով, որ երրորդ անգամ անընդմեջ, պարոն Աբգարյանի ջանքերով, նման մակարդակի քննարկում է կազմակերպվում` նվիրված առողջապահական համակարգի արդի հարցերին, մասնավորապես, արհեստական բանականությանը, բժշկական անձնակազմի ռեսուրսներին, նրանց ամենակարևոր հարցերից մեկին` սպառման համախտանիշներին, և, իհարկե, այս ամենը կամփոփվի բարձր տեխնոլոգիաների ներգրավվածությամբ»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` ընդգծելով ինչպես հյուրերի, այնպես էլ ապագա բժիշկների, բժշկական համայնքի մասնակցությունը մասնագիտական քննարկումներում:
Ռեկտորի գնահատմամբ` Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գործունեությունը շուրջ տասը տարի ուղղված է եղել Հայաստանում առողջապահական համակարգի կատարելագործմանը, և այդ գործունեությունը մշտապես նպաստել է ԵՊԲՀ կապերի ամրացմանը ԱՄՆ-ում բնակվող մեր շրջանավարտների, առհասարակ բժշկական համայնքի հետ:
«Տիկին Քվինի ներկայությունը բարձր կարգավիճակ է հաղորդում այս համագումարին: Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեծարգո տիկին դեսպանին, իր հետևողականության և համագործակցության ամրացման գործընթացում աջակցության համար: ԱՄՆ-ում աշխատող հայրենակիցները շատ մեծ ազդեցություն են ունեցել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բժշկությունը լինի համաշխարհային մակարդակի վրա: Խոսքս ուղղելով, առաջին հերթին, ուսանողներին` պետք է նշեմ, որ սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն: Իրականում դեռևս 90-ականներին Հայաստանում բժշկությունը թռիչքային զարգացում ապրեց, և այս գործում մեծ ներազդեցություն ունեցան սփյուռքահայ բժիշկները, մեր շրջանավարտները: Դուք մասն եք կազմելու այդ կամրջաշինությանը և տեսնում եք, թե ինչպիսի ամուր սյուներ են կանգնեցվում հետագայում այդ կամրջի վրայով գործակցությունը շարունակելու համար»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը` երախտագիտություն հայտնելով այդ մարդկանց, ներառյալ՝ բուհի բացառիկ բարեկամին` Պերճ Աբգարյանին, հայրենասեր աշխատանքի համար:
Ռեկտորը հայտարարել է, որ Ֆակուլտետային խորհրդի որոշման համաձայն` Աբգարյանին շնորհվում է Հանրային առողջության ֆակուլտետի Պատվավոր պրոֆեսորի կոչում:
Ըստ աղբյուրի՝ Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը գոհունակություն է հայտնել միջազգային բժշկական համագումարի միջոցով շփվելու, գաղափարներ փոխանակելու հնարավորության համար: «Այսօր նշում ենք մեր գործընկերության 10-րդ հոբելյանը: Ինձ համար սա նոր սկիզբ է, մենք չպետք է կանգ առնենք. ես սա համարում եմ ամուր հիմք այն բանի, որ ֆիզիկական հեռավորությունը չի տարանջատում մեզ, մենք միշտ կապված ենք` աջակցելու համար մարդասիրությանը և անձնազոհաբար ծառայելու ավելի լավ ապագային»,- շեշտել է նա` երախտիքի խոսք հղելով բժշկական համալսարանի ղեկավարությանը և համագումարին մասնակցող բանախոսներին:
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ողջույնի խոսքը սկսել է շնորհակալությամբ` ուղղված Երևանի պետական բժշկական համալսարանին և անձամբ ռեկտոր Արմեն Մուրադյանին` համագործակցության համար: Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել իր հայրենի քաղաքում` Ֆրեզնոյում, ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին:
«Մեծ պատիվ է ձեզ հետ գտնվել այստեղ` երրորդ միջազգային բժշկական համագումարին: Ես շատ եմ կարևորում այս ընկերությունն ու գործընկերությունը: Միացյալ Նահանգները և Հայաստանը երկար տարիներ առանձնացել են կրթության և նորարարության նկատմամբ նվիրվածությամբ: Եվ այսօր այստեղ հավաքված պրոֆեսիոնալներն այդ ավանդույթի վառ օրինակն են: Կիսելով ամերիկյան փորձը` այս կոնֆերանսը նաև ցույց է տալիս Հայաստանի աճող դերը` որպես բժշկական գիտելիքի և պրակտիկայի առաջխաղացման կենտրոն: Ինչպես ցույց են տվել Միացյալ Նահանգները, առողջապահության ոլորտում գերազանցությունը պահանջում է նորարարություն և ստեղծարարություն, հետազոտություն և վերապատրաստում, արհեստական բանականության և ապացույցների վրա հիմնված լուծումների ներդրում, ավելի առողջ, ավելի դիմացկուն հասարակություններ»,- նշել է Քրիստինա Քվինը:
ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը, դիվանագետի համոզմամբ, հզոր գործիք է` կիսելու փորձը և ուժեղացնելու ինստիտուտները, ստեղծելու երկարատև արդյունք երկու երկրներում: Այս գործընկերությունը նպաստում է մասնագիտական և կրթական փոխանակումներին, որոնք մարմնավորում են գործակցության ոգին, որն անհրաժեշտ է դիմակայելու համար գլոբալ առողջապահական մարտահրավերներին, որոնց բախվում է աշխարհը:
«Միացյալ Նահանգները հպարտությամբ աշխատում է Հայաստանի հետ ընդհանուր նպատակների` խաղաղության, կայունության և տարածաշրջանի տնտեսական աճի և ներուժի առաջմղման համար: Խաղաղությունը և բարեկեցությունը կարևոր հիմնաքարեր են, որոնք թույլ են տալիս համայնքներին բարգավաճել` ստեղծելով պայմաններ ավելի բարվոք հանրային առողջության, նորարարությունների և ուժեղ գործընկերության համար: Այս համաժողովը ցույց է տալիս, թե ինչպես բժշկական համագործակցությունը կարող է նպաստել ոչ միայն գիտության զարգացմանը, այլև խաղաղությանը և բարեկեցությանը: Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին աշխատում են բոլորի համար ավելի առողջ և բարեկեցիկ ապագա կերտելու ուղղությամբ»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը` համագումարին մաղթելով հաջող և արդյունավետ աշխատանք:
Նշվում է, որ Միջազգային բժշկական համագումարի առաջին օրը նվիրված է եղել աղետների բժշկությանը: Իսրայելցի մասնագետ Սուբհի Հակրուշը հանդես է եկել «Առողջապահության համակարգի պատրաստվածությունը/արձագանքը աղետներին. անցյալից քաղված դասեր» զեկույցով, ինչպես նաև վեր է հանել աղետներին արձագանքման գործընթացում առողջապահական մարտահրավերները:
Հայ մասնագետներից Արմեն Մելքոնյանի զեկույցը վերաբերել է Հայաստանում միջազգային շտապօգնության ծառայությունների արձագանքին՝ 2023 թվականին Ստեփանակերտի հարակից տարածքի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո:
Աղետների բժշկության ոլորտում մասնագիտացած Ջով Գրեհեմը ներկայացրել է «Աղետների բժշկության պրակտիկայի ընտրությունը և կարևորությունը», ինչպես նաև աղետների բժշկության մասնագետների հաջորդ սերնդին պատրաստելու առանձնահատկությունները։
Ամերիկացի պրոֆեսոր Հանթեր Ուեսելսն անդրադարձել է բժիշկների աշխատանքային ծանրաբեռնվածության և գերհոգնածության նվազեցման գործում արհեստական բանականության դերին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և վնասվածքների կառավարմանը ուռոլոգիական տեսանկյունից:
Համագումարի հաջորդ երեք օրերին առաջատար մասնագետների քննարկման թիրախում կլինեն ուռուցքաբանությունը, արհեստական բանականությունը և ժամանակակից բժշկագիտության ոլորտի նորարարությունները։