Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը երազանքի կատարման հնարավորությունն այլևս երբեք բաց չթողնելու մասին է. վարչապետ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առիթով՝ նշելով. «Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել և սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլևս երբեք բաց չթողնելու մասին»։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի ուղերձում ասվում է. 

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը  լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»  և մեր ժողովրդի, ընտրողների 94 տոկոսը պատասխանեց  «այո»  և այսպիսով հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Հանրաքվեին մասնակցած և անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։

Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում և հոգում։

2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը, և մեր պարտքն է նախ փայփայել, ապա և իրականություն դարձնել այն։ 

Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել և սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլևս երբեք բաց չթողնելու մասին։ 

Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ և երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում։ Ու մենք՝ բոլորս, սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հայրություն ու մայրություն պիտի անենք նրան։ Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես, և այդ ղեկը մենք մեր ձեռքից այլևս երբեք չպիտի բաց թողնենք։ 

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Հայերեն العربية English Français Русский

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ