Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող ևս մեկ նավ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող ևս մեկ նավ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները միջազգային ջրերում ոչնչացրել են վենեսուելական նավ, որը, նրա խոսքով, թմրանյութեր էր տեղափոխում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Թրամփը հայտարարել է, որ «թմրանյութեր տեղափոխող կարտելներին» հասցված հարվածի հետևանքով սպանվել է 3 մարդ։ 

«Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վենեսուելայից այս հաստատված թմրաահաբեկիչները գտնվում էին միջազգային ջրերում՝ դեպի ԱՄՆ տեղափոխելով անօրինական թմրանյութեր (ամերիկացիներին թունավորող մահացու զենք): Թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող չափազանց վայրագ այս կարտելները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ կենսական շահերի համար: Հարվածի արդյունքում սպանվել է 3 տղամարդ ահաբեկիչ: Այս հարվածի ժամանակ ԱՄՆ զինված ուժերի ոչ մի անդամ չի տուժել», - գրել է ԱՄՆ նախագահը:

Նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհետապնդի ցանկացածին, ով թմրանյութեր կտեղափոխի Միացյալ Նահանգներ։

Այնուհետև Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի գրանցված ապացույցներ և փաստեր, որ տվյալ նավը պատկանում էր թմրաահաբեկչական խմբերի։

Թրամփի հայտարարությունից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Կարակասը կպաշտպանի իրեն ԱՄՆ-ի «ագրեսիայի» դեմ։ BBC-ի փոխանցմամբ՝ Մադուրոն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել է «մահվան և պատերազմի տիրակալ»։ 

Վենեսուելայի նախագահը հայտարարել է նաև, որ կառավարությունը «լիովին կիրագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը»։

Երկու երկրի միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Կարիբյան ծովի հարավում ռազմանավեր տեղակայեց՝ դա պատճառաբանելով թմրանյութերի դեմ պայքարի գործողություններով։ Օրեր առաջ Վենեսուելայի մոտ ԱՄՆ-ն հարված է հասցրել ևս մեկ նավի՝ սպանելով 11 մարդու։ Ըստ Վաշինգտոնի՝ նավը թմրանյութեր էր տեղափոխում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում