Խորհրդարանը վավերացրեց Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի կանոնադրությունը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն:
«Աղետների հանդեպ դիմակայուն ենթակառուցվածքների միավորում» կազմակերպությունը հիմնադրվել է 2019թ-ին Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդիի կողմից եւ այսօր արդեն ունի 40 անդամ պետություն, մի շարք միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններ, որոնց թվում են ՄԱԶԾ-ն, Համաշխարհային Բանկը, Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը, ԵՄ-ն եւ այլն:
Կազմակերպության հիմնական առաքելությունն է կլիմայի փոփոխության եւ աղետների կանխարգելման դիմակայության ուժեղացմանն ուղղված նոր եւ գոյություն ունեցող ենթակառուցվածքների զարգացումն ու կատարելագործումը: Միավորումը գործում է որպես համապարփակ ու բազմակողմ հարթակ՝ երկրների կառավարությունների առաջնորդող դերակատարմամբ եւ հնարավորություն է տալիս բարելավելու անդամ երկրներում գործող ենթակառուցվածքային համակարգերը:
Այդ պլատֆորմի հիմնական նպատակը տեխնիկական աջակցության, հետազոտությունների և կարողությունների զարգացման մեջ է: Ուստի Հայաստանում կարևորում են պլատֆորմին միանալը՝ միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու նպատակով:
Համագործակցությունը հիմնականում 3 ուղղություններով է՝ տեխնիկական աջակցություն, հետազոտություններ և համատեղ դասընթացների ու գործողությունների միջոցով կարողությունների զարգացում: