Աշխարհ

Նեպալում ցուցարարները կոչ են անում վարչապետ նշանակել Կատմանդուի քաղաքապետին

2 րոպեի ընթերցում

Նեպալում ցուցարարները կոչ են անում վարչապետ նշանակել Կատմանդուի քաղաքապետին

Նեպալում հակակառավարական ցույցերի մասնակիցների շրջանում տարածվում է կոչ՝ Կատմանդուի քաղաքապետ Բալենդրա Շահին անցումային ժամանակաշրջանում նշանակել վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today-ը։

Սեպտեմբերի 9-ին ավելի վաղ կառավարության ղեկավար Քհադգա Պրասադ Շարմա Օլին հրաժարական է տվել։ Գրավոր հայտարարության մեջ նա նշել էր, որ դրանով «ցանկանում է նպաստել խնդրի քաղաքական լուծմանը»։ Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պուդելն ընդունել է նրա հրաժարականը։

Միևնույն ժամանակ հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել և ուժ են կիրառել արտաքին գործերի և ֆինանսների նախարարների նկատմամբ։ Ցուցարարները նաև հրկիզել են Գերագույն դատարանի շենքը, խորհրդարանը և վարչապետի նստավայրը։ Նրանք ներխուժել են նաև վարչապետի տուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններ։

Հնդկական մի քանի ավիաընկերություններ չեղարկել են դեպի Կատմանդու չվերթերը։

Ըստ վերջին տվյալների՝ անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի։

Անցյալ շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելել են մի քանի խոշոր սոցցանցերի աշխատանքը, որոնք ժամանակին չեն գրանցվել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Դրա պատճառով երկրում սկսվել են երիտասարդության զանգվածային բողոքի ակցիաներ։ Ավելի ուշ կառավարությունը չեղարկել է սոցիալական ցանցերի արգելքը, սակայն բողոքները չեն հանդարտվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում