Պակիստանում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել
2 րոպեի ընթերցում

Պակիստանի Բելուջիստանի նահանգի Քվետտա քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, 38 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Geo TV-ն։
Ահաբեկիչը պայթեցրել է ռումբը, երբ Բելուջիստանի ազգային կուսակցության կողմնակիցները դուրս էին գալիս «Շահվանի» մարզադաշտում անցկացվող քաղաքական հանրահավաքից։
Ըստ տեղի իշխանությունների՝ մահապարտ ահաբեկիչը չի կարողացել հասնել հանրահավաքի վայր՝ չափազանց խիստ անվտանգության միջոցառումների պատճառով։ Ստեղծվել է քննչական հանձնաժողով՝ միջադեպը հետաքննելու համար։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շեհբազ Շարիֆը խստորեն դատապարտել են Բելուջիստանի ազգային կուսակցության քաղաքական հավաքի դեմ ուղղված ահաբեկչական հարձակումը։
Ցավակցություն և համերաշխություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ նախագահ Զարդարին հանձնարարել է համապատասխան հաստատություններին սկսել միջադեպի համապարփակ հետաքննություն և ապահովել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
Իսլամաբադում գործող Պակիստանի հակամարտությունների և անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի հրապարակած զեկույցի համաձայն՝ հունիսին երկրում տեղի է ունեցել 78 ահաբեկչական հարձակում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ։