Թուրքիա

Պուտինն ու  Էրդողանը ՇՀԿ-ի շրջանակում քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային հարցեր

4 րոպեի ընթերցում

Պուտինն ու  Էրդողանը ՇՀԿ-ի շրջանակում քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական շփումները և շեշտել, որ Մոսկվան Անկարային համարում է հուսալի գործընկեր թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ միջազգային ասպարեզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը գոհունակություն է հայտնել Թուրքիայի հետ արևտրատնտեսական համագործակցության դինամիկայից։

«Մեծածավալ ներդրումները կատարվում են փոխադարձ հիմունքներով: Ռուսական ընկերությունները խոշոր նախագծեր են իրականացնում թուրքական տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մետալուրգիան և ավտոմոբիլային արտադրությունը: Թուրքական ընկերությունները լայնորեն ներկայացված են մեզ մոտ Ռուսաստանում մեքենաշինության, մետալուրգիայի և փայտամշակման ոլորտներում», - նշել է Պուտինը:

Անդրադառնալով էներգետիկ համագործակցությանը՝ նա նշել է, որ էներգետիկայի ոլորտում գործընկերությունը իսկապես ռազմավարական է: 

«Թուրքիա բնական գազի հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանն է: Ներկայում արտահանումը Սև ծովով անխափան իրականացվում է «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի միջոցով: «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի միջոցով շարունակվում է առաջին թուրքական ատոմակայանի՝ «Աքքույու»-ի կառուցման առաջատար նախագիծը: Աշխատանքներ են տարվում կայանի առաջին էներգաբլոկի մոտալուտ շահագործման հանձնման համար», - ասել է Պուտինը:

Նա բարձր է գնահատել Թուրքիայի ներդրումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

«Մենք գնահատում ենք մեր թուրք ընկերներին ուկրաինական ճգնաժամի լուծման քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերում նրանց նշանակալի ներդրման համար: Այս տարվա մայիսից ի վեր ստամբուլյան հարթակում արդեն անցկացվել է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ, որոնք հնարավորություն են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտում մի շարք գործնական հարցերի լուծման գործում: Վստահ եմ, որ Թուրքիայի հատուկ դերն այս հարցերում կշարունակի պահանջված լինել», - ընդգծել է Պուտինը:

Պուտինը և Էրդողանը քննարկել են մի շարք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ​​և Հարավային Կովկասի վերաբերյալ։

«Մեր ուշադրության կենտրոնում են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաները, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Անդրկովկասը։ Ռուս-թուրքական համագործակցությունն այս բոլոր ոլորտներում լավ հաստատված է, ունի կոնկրետ, օգտակար և, ես կասեի, վստահելի բնույթ», - նշել է Պուտինը։

Էրդողանն իր հերթին նշել է, որ ցանկանում են Պուտինին շուտով տեսնել Թուրքիայում։

«Մենք հաստատել ենք վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Մեր հարաբերությունները զարգանում են առանց կոնյունկտուրային ​​խնդիրների ազդեցության։ Մեր տեխնիկական բանակցությունները շարունակվում են, (շարժվում են) դրական ուղղությամբ՝ ուղղված այլընտրանքային լուծումների մշակմանը, որոնք չեն խոչընդոտի մեր ֆինանսական հաստատությունների ինտեգրումը միջազգային շուկաներին», - նշել է նա։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում