Հիշել պատմությունը, գնահատել խաղաղությունը, միասին կառուցել լուսավոր ապագա. Չինաստանի դեսպանի հոդվածը
8 րոպեի ընթերցում
Այս տարի լրանում է ճապոնական ագրեսիայի դիմադրության պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանում կանցկացվեն հանդիսավոր հիշատակի միջոցառումներ և լայնամասշտաբ զինվորական շքերթ, որոնք անձամբ կղեկավարի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հրավիրված է մասնակցելու այս միջոցառումներին։ Մենք հույս ունենք, որ այս կարևոր պատմական իրադարձությունը նշելով՝ հնարավոր կլինի խթանել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության ճիշտ ընկալումը, ամրապնդել միջազգային կոնսենսուսը և էլ ավելի հզորացնել խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը։
Արդեն 80 տարի է անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից, սակայն դրա ազդեցությունը շարունակում է զգացվել՝ տարածվելով ինչպես ջրի ալիքները։ Այսօրվա միջազգային կարգը, բազմաթիվ խնդիրները և հակամարտությունները, որոնց մենք բախվում ենք, ունեն 80 տարվա վաղեմության արմատներ։
80 տարի առաջ մարդկությունը նոր էր անցել պատմության ամենամեծ, ամենակործանիչ և սարսափելի պատերազմի միջով, որից հետո Եվրոպան վերածվել էր ավերակների, իսկ Ասիան՝ կործանված էր։
80 տարի առաջ Չինաստանը նոր էր հաղթանակ տարել Ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում։ Այս պատերազմը տևեց 14 տարի և շատ թանկ արժեցավ․ավելի քան 35 միլիոն զոհված և ավելի քան 600 միլիարդ դոլարի ուղղակի և անուղղակի տնտեսական կորուստներ։ Չին ժողովուրդը դիմադրեց ճապոնական միլիտարիզմի ներխուժմանը և պահեց Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի Արևելյան ճակատը՝ կարևոր դեր խաղալով պատերազմի վերջնական հաղթանակում։ Հետևաբար, Չինաստանը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս հիմնական հաղթող երկրներից մեկը և վերականգնեց իր ինքնիշխանությունը Թայվանի նկատմամբ։
80 տարի առաջ Չինաստանը անմիջականորեն մասնակցել է Միավորված Ազգերի կազմակերպության ստեղծմանը։ Չինաստանի ներկայացուցիչ Տոն Պիվուն առաջինն է ստորագրել ՄԱԿ-ի կանոնադրությունը, Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է։ Չինաստանը վճռորոշ ավանդ ունեցավ ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում, այլև հետպատերազմյան միջազգային կարգի հաստատման գործում։
80 տարի առաջ Հայաստանը ակտիվորեն մասնակցեց Մեծ Հայրենական պատերազմին՝ իր բնակչության ավելի քան 20%-ով ծառայելով ռազմաճակատներում, ինչը տարածաշրջանային մակարդակով ամենաբարձր ցուցանիշն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանը տվել է Խորհրդային Միության չորս մարշալ, մեկ նավատորմի ադմիրալ, ավելի քան 60 գեներալ և անթիվ անհայտ զինվորներ։ Մեծ Հայրենական պատերազմը նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևոր ճակատներից մեկն էր, և այն վճռորոշ ավանդ ունեցավ հաղթանակի գործում և կարևոր ուժ դարձավ պատերազմից հետո միջազգային կարգի ձևավորման մեջ։
Հայերը հզոր ազգ են, իսկ հայ զինվորները համարվում են աշխարհի ամենախիզախ և ամենանվիրականներից մեկը։ Հայ ժողովուրդը հիմք ունի հպարտանալու։ Դուք այս հողի տերն եք, քանի որ այս հողը շաղաղված է ձեր արյունով։ Հայ ժողովուրդը արժանի է խաղաղության և երջանկության, ձեր ավանդը պատմության մեջ անգնահատելի է։ Դուք ձեր ճակատագրի տերն եք։ Հայ ժողովուրդը արժանի է հարգանքի և բարեկամության, ժամանակին ուս ուսի պայքարեցիք մեզ հետ համաշխարհային խաղաղության համար, և այժմ մենք պետք է միասին աշխատենք մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման նպատակին։
Չին ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամությունը։ Մենք երբեք չենք մոռանա, որ ավելի քան 6,000 հայ զինվորներ Չինաստանի Հյուսիսարևելքում մասնակցեցին Ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմին, զոհաբերելով իրենց երիտասարդությունը, արյունը և անգամ կյանքը՝ հաղթանակի համար։ Մի քանի օր առաջ մենք այցելեցինք այդ վետերաններին։ Հետաքրքիրն այն է, որ նրանք արդեն ավելի քան 100 տարեկան են, բայց երբ նրանց ձեռքը սեղմեցի, դեռևս հստակ զգացի կյանքի ու բարեկամության ջերմությունը։ Նրանք իսկական հերոսներ են, ովքեր կատարել են պատմության վստահված առաքելությունը։ Այսօր մենք պետք է, ինչպես նրանք, կատարենք մեր ժամանակների վստահված առաքելությունը։
Չին ժողովուրդը սիրում է խաղաղությունը և դեմ է պատերազմներին։ Ու հենց այն պատճառով, որ մենք զգացել ենք պատերազմի ցավը, չենք ցանկանում նորից տեսնել պատերազմ և հակամարտություն։ Ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմի և հակաֆաշիստական պատերազմի հիշատակը չեն քարոզում ազգերի հանդեպ ատելություն։ Չին ժողովուրդը դեմ չէ ճապոնացիներին, գերմանացիներին կամ իտալացիներին, մենք դեմ ենք ֆաշիզմին և ագրեսորական գործողություններին։ Մենք հանդես ենք գալիս պատմութան ճանաչման և գերազանցման օգտին։
Եթե մենք չկարողանանք դասեր քաղել պատմությունից և հաղթահարել ատելությունը, ապագա կառուցելու ճանապարհ չի լինի։ Պատմությունը գերազանցելը նշանակում է հասկանալ խաղաղության էությունը։ Խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, և միայն ուժերի հավասարակշռություն չէ։ Խաղաղությունը չի հիմնվում հակառակորդին սպառնալու և զիջումների վրա։
Խաղաղությունը հիմնված է փոխըմբռնման, փոխհարգանքի և փոխկապակցվածության վրա, միջազգային իրավունքի և միջազգային կանոնների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման ձգտման վրա։ Խաղաղությունը պարզ իրավիճակ չէ․դա այն բարձրագույն արժեքն է, որ մենք հետապնդում ենք, և մարդկության համար ավելի լավ ապագայի հասնելու միակ ճանապարհն է։
Չին ժողովուրդը բաց է և ներառական։ Մենք ձգտում ենք աշխարհի բոլոր ժողովուրդների համամիասնությանը՝ միասնությանը, որը չի ճանաչում ազգություն, կրոն և գաղափարախոսություն։
Բախվելով անկայուն և խնդրահարույց աշխարհին, որը գտնվում է դարավոր վերափոխումների գործընթացում, Նախագահ Սի Ցզինպինը առաջարկել է միասին կառուցել մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնք։ Սա 80 տարվա պատմական իմաստության ամփոփումն է և համընդհանուր կոնսենսուս, որը կիսում են բոլոր երկրները։
Պատմության երկար ճանապարհի ընթացքում յուրաքանչյուր երկիր ունի իր մարտահրավերները, և յուրաքանչյուր սերունդ ունի իր առաքելությունը։ Սակայն ամենից վեր, մենք ունենք ընդհանուր առաքելություն՝ լինել պատասխանատու պատմության և ամբողջ մարդկության առջև, նպաստել համաշխարհային խաղաղությանը և մարդկության առաջընթացին։
Այսօր մենք գտնվում ենք մի աշխարհում, որտեղ տեղի են ունենում հարյուրամյակի աննախադեպ փոփոխություններ, կանգնած ենք պատմության մի ճակատագրական փուլում, և այն, թե դեպի ուր կշարժվենք ապագայում, կախված է մեր այսօրվա որոշումներից։ Իսկ արդյո՞ք կկարողանանք ընդունել ճիշտ որոշումներ՝ կախված է նրանից, թե կկարողանանք արդյոք ամբողջությամբ և ճիշտ ընկալել պատմությունը։ Եկեք դասեր քաղենք անցյալից և միասին կառուցենք ապագան։
Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը հարատևի, մաղթում եմ Հայաստանին լիարժեք ու կայուն խաղաղություն, և ցանկանում եմ, որ վաղվա աշխարհը լինի էլ ավելի գեղեցիկ։
Լի Սինվեյ
Հայաստանում Չինաստանի դեսպան