Տնտեսություն

ՀՀ նախագահն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ժամանած Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր Ալ-Մալիքիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունը դինամիկ  զարգանում է առևտրատնտեսական, կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Մալիքին կարևորել է Երևանում անցկացված Հայաստան-Իրաք գործարար համաժողովը՝ որպես գործարար շրջանակների միջև կապերի խթանման և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունավետ հարթակ, և շեշտել է նման ձևաչափը պարբերական դարձնելու անհրաժեշտությունը։

Կողմերը առանձնահատուկ շեշտել են երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման և արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար կապերի խթանումը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին։ Երկուստեք ընդգծվել է, որ հայկական միրգն ու բանջարեղենը, կենդանի անասունները, մսամթերքն ու կաթնամթերքը կարող են հետաքրքրություն ներկայացնել իրաքյան շուկայի համար։ Կարևորվել է ուղիղ թռիչքների վերականգնումը և բեռնափոխադրումների դյուրացումը՝ առևտրատնտեսական կապերի զարգացման խթանման նպատակով։

Կողմերն ընդգծել են նաև երկուստեք ներդրումային հնարավորությունների խթանումը, ինչպես նաև էներգետիկայի, ակադեմիական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի իրացման կարևորությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման և հարաբերությունների խորացման համար։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում