Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր քայլ են կատարել. Կանադան ողջունել է վաշինգտոնյան համաձայնությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր քայլ են կատարել. Կանադան ողջունել է վաշինգտոնյան համաձայնությունները

Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հայտարարությունում: 

«Կանադան ողջունում է անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունները։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելով, նաև փոխադարձաբար Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ այս երկրները կարևոր քայլ են կատարել դեպի արդար և կայուն խաղաղություն տարածաշրջանի ժողովուրդների համար»,-հայտարարել է Կանադայի ԱԳ նախարարը:

Կանադան նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս գործընթացում:

«Այս բնույթի համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել դիվանագիտական բանակցությունների միջոցով, ապահովում են հստակ ուղի դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն, որը կօգնի լուծել մնացած խնդիրները, այդ թվում՝ պահվող բոլոր հայ անձանց և ռազմագերիների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը և մշակութային ժառանգության պահպանումը», -ասվում է հայտարարությունում:  

Անիտա Անանդը հավելել է՝ Կանադան նաև ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը և կաջակցի ապագա ցանկացած մեխանիզմի, որը կերաշխավորի ուժի չկիրառման սկզբունքները, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը:  

Կանադան նաև վերահաստատել է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային քաղաքական լուծման հասնելու հարցում: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում