Քաղաքականություն

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են. ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են. ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ 

Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները։  

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ է տալիս։ Նա նաև անդրադարձել է գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագայում նախատեսվող համատեղ ծրագրերը, բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման հնարավորությունները, վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը, սահմանների կառավարման բարեփոխումները, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները։   

Քննարկվել է նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ի կողմից աջակցության, հանցավորության հուսալի վիճակագրության ներդրման գործընթացի, ինչպես նաև Եվրոպոլի և Ֆրոնտեքսի հետ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում