Հայաստան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվա միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվա միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 8-ին մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։

Անդրադառնալով վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճին՝ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ այն նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը, այդ թվում՝ տեխնիկական վերազինման և առավել արտադրողական գործելակարգերի կիրառման միջոցով։ 

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նկատվող որակական փոփոխությունները ամուր հիմք կապահովեն ոլորտի զարգացման շարունակականությունն ապահովելու և դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու տեսանկյունից։

Անդրադառնալով Կառավարության՝ կապիտալ շինարարության ծավալները ընդլայնելու հաստատակամությանը՝ փոխվարչապետը վերահաստատել է, որ որակյալ աշխատանքը և աշխատանքի պատշաճ արագությունը շարունակելու են ներկայանալ որպես իրականացվող կապիտալ ծրագրերին մասնակցելու հիմնական նախապայմաններ։ 

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում