Քաղաքականություն

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-7-ն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։

Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ նախատեսված է, որ Վահագն Խաչատուրյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք արտասահմանյան գործընկերների հետ:

2003 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած առաջին համաժողովի ընթացքում ընդունվել է Ալմաթիի գործողությունների ծրագիրը, իսկ 2014 թվականին Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ Վիեննայի գործողությունների ծրագիրը (2014-2024)։ Այս նախաձեռնությունները կարևոր դեր են խաղացել տարանցիկ պետությունների առևտրատնտեսական խնդիրների մեղմման և ենթակառուցվածքների զարգացման գործում։

Թուրքմենբաշիում կայանալիք երրորդ համաժողովի օրակարգում ընդգրկված են տարանցիկ ու տրանսպորտային կապերի զարգացման, թվային փոխկապակցվածության ընդլայնման, կլիմայական կայունության ամրապնդման, տնտեսական դիմացկունության բարձրացման և միջազգային ներդրումների խրախուսման հարցերը։
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում