Մամուլի սրահ

Հայ-իրանական «Նավասարդ» մշակութային փառատոնը նոր շուքով արդեն չորրորդ անգամ կանցկացվի Սիսիանում

5 րոպեի ընթերցում

Հայ-իրանական «Նավասարդ» մշակութային փառատոնը նոր շուքով արդեն չորրորդ անգամ կանցկացվի Սիսիանում

Արդեն ավանդույթ դարձած հայ-իրանական մշակութային «Նավասարդ» փառատոնը վերադառնում է չորրորդ անգամ՝ դառնալով երկու երկրների մշակութային ու խոհանոցային յուրօրինակ խաչմերուկ։ Օգոստոսի 10-ին Սիսիանում կանցկացվի հագեցած ծրագիր ունեցող փառատոնը, որը միավորում է արվեստը, խոհանոցը և մշակույթը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ամեն տարի «Նավասարդ»-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:

«Այս տարի փառատոնը կանցկացվի ավելի մեծ շուքով և հագեցած միջոցառումներով։ Իրանական կողմի մասնակցությունը դառնում է առավել ակտիվ, ինչը ևս մեկ անգամ վկայում է փառատոնի կարևորության մասին։ Սպասում ենք բոլորին Սյունիքի Սիսիան համայնքում՝ նպաստելու տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանն ու տնտեսական հզորացմանը։ Չորրորդ անգամ փառատոնի անցկացումն արդեն իսկ խոսում է դրա կայացած լինելու մասին»,-ասաց նա։

Ապրեսյանը նշեց՝ փառատոնի անցկացումը կարևոր է հատկապես այսօր, քանի որ այն ոչ միայն նպաստում է զբոսաշրջության ապակենտրոնացմանը՝ Երևանից դեպի մարզեր, այլ նաև խթանում է հյուրընկալող համայնքների տնտեսական ակտիվացումը, մշակութային արժեքների պահպանումն ու հանրահռչակումը։ Միջոցառումը միտված է նաև Հայաստանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային երկիր՝ համաշխարհային շուկայում։

«Փառատոնը կմեկնարկի ժամը 16:00-ին․ շուրջ 100 տաղավարում կներկայացվեն հայ և իրանական խոհանոցը, արհեստներն ու արվեստը։ Իրանական կողմն այս տարի ևս կներկայանա առնվազն 30 տաղավարով։ Կլինի նաև մեծ բեմահարթակ՝ մշակութային ու երաժշտական միջոցառումներով, որոնք կանցկացվեն ինչպես հայկական, այնպես էլ իրանական կատարողների մասնակցությամբ։ Նախորդ տարիներին, ինչպես նաև այս անգամ, սպասվում են անակնկալներ։ Իսկ օգոստոսի 11-ի առավոտյան վաղ՝ ժամը 04:00-ին, այցելուները հնարավորություն կունենան մեկնել Քարահունջ, Զորաց քարեր և մասնակցել աստղադիտման: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ նշեց՝ Զբոսաշրջության կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում են փառատոնների անցկացումը, հատկապես այն փառատոնները, որոնք նպաստում են հարևան և բարեկամ ազգերի հետ հարաբերությունների խորացմանը և մշակութային ու խոհանոցային ավանդույթների փոխանակմանը: «Մեր աջակցությունը բնական է, և մենք մեծ սիրով ենք ներգրավված այս գործընթացում»,- եզրափակեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Փառատոնը կունենա չորս հիմնական գոտի՝ հայկական և իրանական ուտեստների պատրաստման, արվեստի և արհեստագործական արտադրանքի ցուցադրության, երաժշտական-գեղարվեստական ծրագրերի և մրցութային հանձնաժողովի։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ ընդգծեց՝ ուրախ են, որ «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնը համատեղ ջանքերով հասել է այս մակարդակին։ 

«Մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները խոհարարական երկխոսության համար, ծանոթանանք համաշխարհային խոհարարական միտումներին։ Այս միջոցառումը մեծ հնարավորություններ է տալիս։

Փառատոնի ընթացքում կանցկացվի ավանդական խոհարարների մրցույթ։ Հայկական և իրանական թիմերը կմրցեն իրենց տաղավարներում՝ ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը։ Առաջին իսկ տարում իրանական կողմից խոհարարների մասնակցությունը բարձր է գնահատվել և ապահովել է բարձրակարգ մասնագետների ներգրավում»,-ասաց Մամուլյանը:

«Փառատոնի խորհրդանիշ ու հիմնական կերակրատեսակը կրկին «Նավասարդի հարիսան» է, որը տարբերվում է իր պատրաստման եղանակով»,-ասաց Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ  այն չի հարվում ու չի խառնվում, որպեսզի, ըստ ավանդույթի, գալիք տարին խաղաղ ու անխառն լինի։ Այս ուտեստը դիտվում է որպես ծիսական ուտեստի առանցք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում