Իրան

Իրանի նախագահն անհրաժեշտ է համարում ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ

3 րոպեի ընթերցում

Իրանի նախագահն անհրաժեշտ է համարում ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է հարևան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մեջբերելով Փեզեշքիանի խոսքերը։ 

Իրանի արտաքին գործերի նախարարություն կատարած անսպասելի այցի ժամանակ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել մեծ նվաճումների։ Նա կոչ է արել դիվանագետներին՝ ավելի նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել իրենց ջանքերում։ 

Նախագահը նկատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է՝ իրանցիները պետք է պատրաստ լինեն պաշտպանել իրենց երկիրը՝ միաժամանակ օրակարգում ներառելով դիվանագիտությունը՝ հավելելով, որ եթե այս ազգը ապրում է խաղաղության մեջ, դա շատ ավելի լավ է, քան պատերազմի մեջ ներգրավված լինելը։ 

Իրանի նախագահը նաև անդրադարձել է  Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ անկլավում կատարվող իրադարձությունների մեջ մեղադրելով Իսրայելին։ 

«Որոշները պնդում են, որ պաշտպանում են մարդու իրավունքները, բայց Գազայում ստեղծել են սրտաճմլիկ պատկերներ, որոնք ոչ մի մարդ չի կարող հանդուրժել։ Եվրոպական երկրներն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խոսում են մարդկայնության մասին, բայց ինչպե՞ս կարող են նրանք արդարացնել Գազայի ժողովրդի դեմ դաժան գործողությունները»,-ասել է Փեզեշքիանը։ 

Նա նաև շնորհակալություն է հայտնել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին 24-ժամյա ջանքերի համար։ 

Իրանի նախագահը նաև շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը կընդլայնի իր հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ ունի համապատասխան փոխգործակցություն, մասնավորապես՝ BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության անդամների հետ։ 

Նա ընդգծել է, որ Իրանը կհամակարգի իր գործողությունները այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և այլ գործընկերներ և կշարունակի գործընթացը եվրոպական և այլ երկրների հետ՝ հիմնվելով իմաստության, արժանապատվության և նպատակահարմարության վրա։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում