Հայաստան

Կառավարությունը հաստատեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը

Հայաստանի կառավարությունը քննարկեց և հաստատեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը, որով սահմանվում են նաև գործող փաստաթղթերի ու ԵՄ նորմերը Հայաստանում մոտարկելու, դրանք մասնակի կամ ամբողջական տեղայնացնելու ներդաշնակեցման կարգավորումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին որոշման» որոշման  նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

 Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման կատարման անհրաժեշտությամբ։ 

«Նախագծով սահմանվում են քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ռազմավարական ուղղությունները, դրանց մշակման, տեղայնացման, արդիականացման, լրամշակման և հաստատման ընթացակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումները, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի նորմերի մոտարկման, դրանց մասնակի կամ ամբողջական տեղայնացման ու գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ներդաշնակեցման կիրառման մասով»,-ներկայացրեց Վարդանյանը։

Նրա պարզաբանմամբ՝ մասնավորապես սահմանված է, որ ԵՄ մոտարկված և տեղայնացված նորմերը ՀՀ տարածքում գործող կառուցապատողները կարող են ընտրել կամավորության սկզբունքով։ Կառուցապատման ծրագրերի համար պատվիրատուների կողմից ԵՄ նորմերի ընտրության դեպքում տվյալ քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում նախագծման, շինարարության և շահագործման համար այդ պահանջները կրելու են պարտադիր բնույթ և կիրառվելու են ամբողջ ծավալով։ 

«Տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում կիրառելը թույլ կտա օտարերկրյա ներդրողների, գործարարների, կառուցապատողների, շինարարների համար ստեղծել առավել ընկալելի, ընդունելի և բարենպաստ միջավայր, որն էլ կխթանի նրանց կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելը և գործունեություն ծավալելը։

Արդյունքում ներդրումների աճին զուգահեռ, նաև ՀՀ-ում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված շենքեր, շինություններ և ենթակառուցվածքներ»,-համոզմունք հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում