Հայաստան

Լիազորություններս իրականացնելու եմ հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների․ ՀԷՑ-ի նորանշանակ կառավարիչ

2 րոպեի ընթերցում

Լիազորություններս իրականացնելու եմ հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների․ ՀԷՑ-ի նորանշանակ կառավարիչ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ իր լիազորություններն իրականացնելու է օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում՝ հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռոմանոս Պետրոսյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Վերջինս հիշեցրեց, որ իր լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում՝ նաև ոլորտը կարգավորող մարմնի մասին օրենքով, «Էներգետիկայի մասին» օրենքով, ՓԲԸ–ների մասին օրենքով։  

«Ես՝ որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իմ լիազորություններն իրականացնելու եմ օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում՝ հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների»,-ասել է Պետրոսյանը։

ՀԷՑ-ի նորանշանակ կառավարիչը, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է աշխատանքի ուշ ժամանելու պատճառը, պարզաբանել է, որ դա պայմանավորված է Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ։  

«Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին ՀԾԿՀ նախագահի որոշումն ուժի մեջ է մտել ուրբաթ օրը՝ որոշման մասին ծանուցման պահից, սակայն իմ լիազորությունները լիարժեք իրականացնելու համար ինձ անհրաժեշտ էր նաև այդ որոշումից բխող լիազորությունները գրանցել նաև Պետական ռեգիստրի գործակալությունում, ինչն այս առավոտ արդեն տեղի է ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ես ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները»,-ասել է Պետրոսյանը։  

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին։

Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում