Ասիա

ՀՀ դեսպանությունը ցավակցություններ է հայտնել Վիետնամում փոթորկի պատճառով զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհերի ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանությունը ցավակցություններ է հայտնել Վիետնամում փոթորկի պատճառով զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհերի ընտանիքներին

Վիետնամում Հայաստանի դեսպանությունն իր խորին ցավակցություններն է հայտնել երկրի հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Հա Լոնգ ծովախորշում տեղի ունեցած փոթորկի պատճառով զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վիետնամում ՀՀ դեսպանությունը նշել է իր տարածած հաղորդագրության մեջ։ 

«Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում 2025 թվականի հուլիսի 19-ին Հա Լոնգում զբոսաշրջային նավի հետ կապված ողբերգական միջադեպի զոհերի ընտանիքներին և մաղթում նրանց ուժ և տոկունություն»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Վիետնամի հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Հա Լոնգ ծովախորշում, հուլիսի 19-ին հանկարծակի սկսված փոթորկի հետևանքով զբոսաշրջային նավը կողաշրջվել է՝ դառնալով 34 մարդու մահվան պատճառ։ 8 մարդ համարվում է անհետ կորած։  

Wonder Sea նավի տախտակամածին եղել է 48 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ, բոլորը՝ Վիետնամի քաղաքացիներ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու։ Դրանց շարքում է 14-ամյա մի տղա, ով 4 ժամ է անցկացրել շրջված նավի տակ։  

Հա Լոնգ ծովախորշը Վիետնամի ամենահայտնի զբոսաշրջային վայրն է։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում