Տեսանյութ

Երևանի սրտում բացվեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

6 րոպեի ընթերցում

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հուլիսի 18-ին հանդիսավորությամբ բացվեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, բանաստեղծ և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» խորագիրը կրող արձանի կերտման ու տեղադրման ամբողջ ֆինանսավորումն իրականացրել է  Երևանի քաղաքապետարանը։ 

Արձանի մտահղացման հիմքում Ազնավուրի կերպարն է՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ:

Բացման խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Շառլ Ազնավուրի հրապարակում մեծ արվեստագետի արձանը խորհրդանշում է ոչ միայն նրա հիշատակը, այլև՝ հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակութային կյանքում։ 

«Արձանի բացումն ունի ևս մի յուրահատկություն, քանի որ նախաձեռնվել և ամբողջությամբ ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։

Սա բացառիկ է այն առումով, որ քաղաքապետարանը նման նախաձեռնություններ անձամբ չի իրականացրել, բայց մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում։

Այս վայրը վստահորեն դառնալու է հանդիպման և հիշողության վայր ոչ միայն երևանցիների, այլև հազարավոր հյուրերի համար, վայր, որտեղ կարելի է կրկին հանդիպել լեգենդար Շառլ Ազնավուրին»,-ասաց Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով արձանի հեղինակ Դավիթ Մինասյանին, Ազնավուրի ընտանիքի անդամներին, բոլոր մասնակիցներին և գործընկերներին, որոնք ներգրավված են եղել նախագծի իրականացման բոլոր փուլերում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բնորոշմամբ՝ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության հիմքում սերն է։

«Այսօր այդ սերը նյութականացնելու ևս մեկ հնարավորություն ենք ստանում Ազնավուրի անունը կրող հրապարակում, որն առաջին հերթին մշակութային հրապարակ է՝ կինո, թատրոն, կերպարվեստ։ Բնական է, որ այս հրապարակն Ազնավուրի անունով կոչելն ու այստեղ նրա արձանն ունենալը տրամաբանական է»,-ընդգծեց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ մեծանուն արվեստագետի արձանը, որով Ազնավուրը ինքնատիպորեն է ներկայացվել, հետաքրքիր քննարկում է բերելու։

Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի խոսքով՝ իր հայրը Հայաստանը կրքոտ սիրով էր սիրում։ 

«Դա ասվում էր ոչ միայն բառերով, այլև իր գործունեությամբ։ Նա կրել է Հայաստանն իր սրտում և համաշխարհային բոլոր հարթակներում։ Նա հավատում էր Հայաստանի ուժին, հզորությանը, հավատում էր Հայաստանի մշակույթին և ապագային։  Այդ իսկ պատճառով նա խրախուսեց, որ մենք՝ իր ընտանիքը, ժամանենք, հաստատվենք Երևանում, որպեսզի կարողանանք շարունակել իր գործը, ապրեցնել ու իրականություն դարձնել նրա իդեալները»,-ասաց Նիկոլա Ազնավուրը՝ հավելելով, որ Երևանում կանգնեցված արձանը պատկանում է հայ ժողովրդին և բոլոր այն մարդկանց, որոնք ամբողջ աշխարհում սիրել ու շարունակում են սիրել Ազնավուրին։

Նա շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քանդակագործ Դավիթ Մինասյանին և բոլոր նրանց, որոնք աջակցել են մտահղացման իրականացմանը։ 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի համոզմամբ՝ Երևանում Ազնավուրի արձանը խորհրդանշում է նրա երկու ինքնությունների միաձուլումը։ 

«Ազնավուրը փարիզցի էր, բայց նաև հայաստանցի։ Այն փաստը, որ այս հրապարակում կանգնեցվում է Շառլ Ազնավուրի արձանը, ակամայից միաձուլում է նրա երկու ինքնությունները։ Ազնավուրը սիրում էր հիշեցնել, որ հարյուր տոկոսով հայ է, հարյուր տոկոսով էլ ֆրանսիացի։ Նրան պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում։ Երևանում շատ հաճախ հնչում են նրա մեղեդիները թե՛ հրապարակներում, թե՛ ռեստորաններում։ Արձանի միջոցով այդ ամենը կհամալրվի Ազնավուրի մշտական ներկայությամբ»,-ընդհանրացրեց դեսպանը։ 

Բրոնզաձույլ արձանի հեղինակ, քանդակագործ Դավիթ Մինասյանը մեծ պատիվ համարեց Շառլ Ազնավուրի կերպարին անդրադառնալը։

Ըստ նրա՝ մրցույթի հայտարարումից հետո, երբ մտածել է արձանի նախագծի շուրջ, առաջին հերթին եզրահանգել է, որ այն պետք է լինի առանց պատվանդանի։ 

«Տեղադրման կոնկրետ կետը ընտրելուց ես հասկացա, որ արձանը պետք է երևակայական առանցքներ ունենա թատրոնի, կինոթատրոնի և Նկարիչների միության շենքի  հետ»,-արձանի գաղափարին անդրադառնալով՝ պարզաբանեց քանդակագործը։ 

Նա մանրամասնեց նաև, որ մտորումների ընթացքում եզրահանգել է, որ Շառլ Ազնավուրը ճիշտ կընդուներ նաև, որ իր հանդիսատեսն անբաժան լինի իրենից։

Շառլ Ազնավուրի արձանի բացման պատիվը տրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին։

Հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց Ազնավուրի հայտնի երգերով։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում